Պակիստանը բողոք է հայտնել Հնդկաստանին Քաշմիրում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) բողոք է հայտնել Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետին վերջերս Քաշմիրի վիճելի տարածաշրջանի վերահսկողության գծում (դեֆակտո սահմանին) հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով: Համապատասխան հաղորդագրությունը սեպտեմբերի 25-ին տարածել է Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոք է հայտնվել սեպտեմբերի 24-ի գիշերը վերահսկողության գծի երկարությամբ հնդկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ»,- ասված է նախարարության մամուլի տեղեկագրում:
Այնտեղ նաեւ նշված է, որ հնդկական կողմից արձակված կրակի հետեւանքով տուժել է երկու խաղաղ բնակիչ, այդ թվում երեխա: Պակիստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ միայն ընթացիկ տարում Հնդկաստանը հրադադարի համաձայնագիրը խախտել է 2 340 անգամ, ինչի հետեւանքով 18 մարդ զոհել եւ 187 խաղաղ բնակիչ լուրջ վերքեր է ստացել:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2019 թվականի օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ՝ վարչական միավորներ, ստեղծելու որոշման մասին, որոնք ունեն ավելի քիչ իրավունքներ, քան նահանգը: Այդ նպատակով Հնդկաստանի խորհրդարանը հաստատեց Սահմանադրության 370-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու մասին, որը նահանգն օժտում էր հատուկ կարգավիճակով:
Իսլամաբադը դատապարտել է այդ որոշումը եւ հրաժարվել է այն ճանաչել Հնդկաստանի ներքին գործ: Ի նշան բողոքի Ջամուի եւ Քաշմիրի նահանգի լուծարման Պակիստանը ցածրացրել է Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ վտարել է նրա դեսպանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: