Թաղապետարանն ու Ջրմուղը մեկը մյուսին պաս է տալիս, արդյունքում մենք ենք տուժում. Հալաբյան 51 շենքի բնակիչները՝ վթարված կոյուղու մասին
Հալաբյան 51 շենքի բնակիչները, մի քանի օր է՝ գարշահոտություն են շնչում:
«Հալաբյան 49 շենքի բակի կոյուղին վթարվել է, Ջրմուղից եկել են, որպեսզի վթարը վերացնեն, ինչ-որ գործիք են օգտագործել, որ խնդիրը լուծեն, հակառակ արդյունքն է ստացվել. այն կոտրվել ու մնացել է այդպես: Սա՝ 15 օր առաջ: Աջափնյակի թաղապետարանը խնդրի մասին տեղյակ է, սակայն հարցին լուծում չեն տվել: Երեկ՝ սեպտեմբերի 24-ի առավոտյան, կոյուղաջուրը լցվել է մեր ավտոտնակ, ու ամբողջ տարածքում գարշահոտություն է տարածվել: Թաղապետարանի ներկայացուցիչը եկել նայել է, ասել են, թե սարք պետք է բերվի, փչվի և այլն: Ի դեպ, կոյուղագիծը հաջորդ ավտոտնակի տակով է անցնում, բավականին մեծ ծախսերի հետ կապված խնդիր է: Թաղապետարանն ու Ջրմուղը մեկը մյուսին պաս է տալիս, արդյունքում մենք ենք տուժում»,- 168.am-ին հայտնեց ավտոտնակի սեփականատերերից տիկին Գոհարը:
Քանի որ, եթե կոյուղու հորը, ջրի մագիստրալը շենքից դուրս է լինում, դրա հետ կապված խնդիրների հարցով զբաղվում է «Վեոլիա ջուրը», կապ հաստատեցինք մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ մասին կհայտնի վթարային ծառայությանը, և նրանք կզբաղվեն հարցով:
«Եթե մեր գործն է՝ կանենք, իրար վրա գցելով հո չէ՞: Կարող է՝ ավտոտնակն ապօրինի կառուցվել է դիտահորի վրա: 90 տոկոսը չենք կարողանում մաքրել հենց այդ ավտոտնակների պատճառով: Ոչ թե չենք ուզում, այլ շատ դեպքերում մաքրելու հնարավորություն չկա, շատ դժվար է: Ես կգրեմ 185 ծառայությանը, թող հարցով զբաղվեն»,- նշեց «Վեոլիա ջրի» մամուլի պատասխանատուն:
Ավելի ուշ «Վեոլիա ջրից» կապ հաստատեցին մեզ հետ՝ տեղեկացնելով, որ վթարի մասին գիտեն, գիծը պետք է փոխեն, շինարարարական աշխատանքներ պետք է կատարեն, խորհում են այդ մասին, անպայման կսարքեն: