Ի՞նչ առաքելությամբ էր Տոնոյանը Շոյգուի հետ հանդիպել
Երեկ երեկոյան մենք տեղեկություններ ստացանք այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է և հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Նշենք, որ Դ. Տոնոյանը ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որի հետ ռուսական կողմը հարաբերություններ է պահպանում:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց, որում ասվում էր.
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին»:
Ռուսաստանյան մեր աղբյուրների հավաստմամբ՝ իրականում Դավիթ Տոնոյանը փորձել է գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի միջոցով հարթել Փաշինյան-Պուտին վատ հարաբերությունները և նրանց միջև հանդիպում կազմակերպել: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպում վաղուց չի եղել, այդ թվում՝ հեռախոսային լուրջ խոսակցություն: Վերջին անգամ նրանք շփվել են հեռախոսազրույցով, երբ Պուտինը պարզապես շնորհավորել է Փաշինյանի ծննդյան տարեդարձը: Ըստ նույն աղբյուրների՝ Պուտինը ամիսներ շարունակ կտրականապես մերժում է որևէ հանդիպում։
Ի դեպ, նկատենք, որ ՌԴ պաշտոնական շրջանակների հետ խզված են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերությունները: Պատճառը դեռ հայտնի չէ: