Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, տեսակի եւ արժեքների բախում է սկսվել: Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին: Երեկ այս ահազանգը հնչեց նաեւ ԿԳՄՍ նախարարության ներսից: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի մասին լուրը սպրդեց մամուլ՝ ահազանգելով ավելի լուրջ իրավիճակ, քան կարելի էր պատկերացնել:

Նա նախարարության ներսում խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է, մինչ այս ով խոսում էր կրթության չափորոշիչների դեմ, համարվում էր քոչարյանական, ՀՀԿ-ական, դավադիր ուժերի ազդեցության տակ գտնվող մոլորյալ, անբարոյական եւ այլն: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. կրթության չափորոշիչների դեմ է արտահայտվել ներսից փոխնախարարը եւ մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել՝ ի նշան բողոքի:

Նա հայտարարել է, թե իրեն վատ է զգում, որ մեր ազգային արժեքները այսպես հետեւողականորեն ոչնչացվում են: Նա նաեւ դեմ է արտահայտվել սպորտի գործիչներին պատժելու առաջարկներին, որոնք հնչել են նախարարությունում: Այսինքն՝ առաջարկ է եղել անգամ օլիմպիական չեմպիոններին պատժել, որպեսզի որեւէ դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին չկանգնեն, սակայն Թամրազյանը առարկել է՝ ասելով, որ քաղաքականությունը չպետք է խառնել սպորտին:

Թեեւ, մյուս կողմից, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը ջերմ հարաբերություններ ունի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիաննա Գալոյանի հետ, որին բուհի խորհուրդը ընտրել է ռեկտորի պաշտոնում, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատում: Բուհի դասախոսների եւ ուսանողների մի խումբ նույնիսկ կառավարության դեմ բողոքի ակցիա կազմակերպեց, սակայն անօգուտ: Ու չի բացառվում՝ Թամրազյանի հեռանալն ու զայրույթը նաեւ սրանով պայմանավորված լինի. չի կարողանում իր ռեկտորին անցկացնել: Թամրազյանը նաեւ տապալել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին գահընկեց անելու գործընթացը. մայիսից մինչեւ օրս նրա ազատման որոշումն ընդունվեց միայն երեկ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս