Բաժիններ՝

Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում

«Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական»:

Այսպես է Մարտիրոս Սարյանը բնութագրել հայ կերպարվեստի խոշորագույն վարպետներից մեկին՝ Եղիշե Թադևոսյանին, որի ծննդյան 150-ամյակը նշում ենք այս տարի:

Նկարչի հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 25-ին Վաղարշապատում կմեկնարկի Թադևոսյանին նվիրված փառատոնը, որի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կկայանա Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահի հանդիսավոր բացումը, իսկ նկարչի հայրական տան մոտ՝ Ռ. Մելիքյան փողոցում, տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված հուշատախտակի բացումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ նորաբաց ցուցասրահում կգործի շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական եզակի աշխատանքներ ընդգրկող մշտական ցուցադրություն:

Նա ընդգծեց, որ, բացի էտյուդներից և մեծադիր կտավներից, ցուցահանդեսում կներկայացվի հուշաձեռագրային հարուստ նյութ՝ պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ, դրվագներ նկարչի էպիստոլյար ժառանգությունից, անձնական իրեր և այլ արժեքավոր նմուշներ:

«Հայ կերպարվեստում առանձնակի երևույթ է Թադևոսյան-էտյուդիստը: 2015 թվականին Ազգային պատկերասրահում կազմակերպել էինք Թադևոսյանի 145-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես, որի բովանդակային հիմքում նկարչի էտյուդներն էին: Ցուցահանդեսում գրեթե ամբողջությամբ առաջին անգամ ներկայացվող մասնավոր հավաքածուն ներառում էր տարբեր տարիներով թվագրվող շուրջ 30 փոքրաչափ էտյուդներ, 100-ից ավելի ճեպանկարներ, եզակի վիտրաժ: Ցուցադրության մյուս հատվածն ընդգրկում էր ՀԱՊ-ի հուշաձեռագրային բաժնում պահվող էտյուդներն ու գծապատկերները, էսքիզներն ու նոթատետրերը: Այսօր էլ մեր ցուցադրության հիմնական նպատակը նկարչի՝ «մտահղացումից իրականացում» յուրօրինակ ճանապարհի բացահայտումն ու ամփոփումն է»,- ընդգծեց Հակոբյանը:

Տասնյակ տարիներ թանգարանի պահոցներում պահվող նմուշների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Սիմվոլիկ նշանակություն ունի Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունից ժամանակավորապես բերված «Մեր փողոցը Վաղարշապատում» կտավը: Խոսելով հուշատախտակի բացման մասին` Հակոբյանը պատմեց, որ այս ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում գտնվեց նկարչի հայրական տան մասամբ պահպանված արտաքին պատը, որն այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ ունի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ: «Մեր փողոցը Վաղարշապատում» նկարում հին Էջմիածնի տիպական նիստուկացով նեղլիկ փողոցում նկարիչը պատկերել է հայրական տան պատն ու փայտե դռան շեմին նստած ծեր պապին:

Եղիշե Թադևոսյանը թողել է գեղարվեստական հսկայական ժառանգություն, բայց կան գործեր, որոնք առանցքային էին նրա համար: Հակոբյանը հատկապես առանձնացնում է «Հանճարն ու ամբոխը» կտավը, որի մտահղացման հիմքում առաջադեմ, մտածող անհատի և քաղքենի, ինքնագոհ հասարակության, գաղափարների և տգիտության բախման կոնֆլիկտն է: «Նոթատետրերում և առանձին թերթերի վրա արված բազմաթիվ էսքիզներում և էտյուդներում հանճարի կերպարի հիմքում Բեթհովենն էր, սակայն, ամփոփելով իր որոնումները, Թադևոսյանը ստեղծում է մի հավաքական կերպար՝ զերծ որևէ անհատականացումից: Մեկ այլ կտավ ևս մշտապես գրավում է այցելուների ուշադրությունը: Դա «Քրիստոսը և փարիսեցիները» գործն է, որտեղ նկարիչը Քրիստոսին պատկերել է այնքան «մարդկային» զայրույթի պահին, ցասումով լի աչքերով: Նշենք, որ ցուցահանդեսում ավարտուն կտավի հետ միասին առաջին անգամ կնեկայացվեն նաև բազմաթիվ նախանկարներից երկուսը»,- եզրափակեց Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս