Բաժիններ՝

Գերմանիայում հայտնաբերել են մեկուկես հազար տարվա առեղծվածային դամբարան

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասում թռչնաֆաբրիկայի համար տեղ պատրաստելու ժամանակ հայտնաբերել են նշանավոր մարդու դամբարան, որն ապրել է 1,5 հազար տարի առաջ՝ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ: Փորձագետները պնդում են, որ սա երկրում ամենակարեւոր գտածոն է վերջին 40 տարվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:

Դամբարանի կենտրոնում գիտնականները գտել են բրոնզե կաթսա. ենթադրվում է, որ ներսում կարող է լինել մահացածի աճյունը:

«Մենք դեռ պետք է գտնենք նրա մնացորդները»,-պարզաբանել է Հալլեի Նախնադարյան պատմության թանգարանի աշխատակցուհի հնագետ Սյուզաննա Ֆրիդրիխը:

Կաթսայի շուրջը եղել են վեց կանանց կմախքներ: Հետազոտողներն ասում են, որ նրանք կարող են լինել կա՛մ հանգուցյալի հարճերը, կամ նրա կանայք: Սակայն հանելուկ է մնում՝ արդյոք նրանց հատուկ սպանել են թաղելու համար, թե նրանք են իրենց զոհաբերել:

Դամբարանի ներսում հնագետները նաեւ գտել են 11 կենդանիների մնացորդներ, ներառյալ խոշոր եղջերավոր անասունների, շների եւ ձիերի:

Այդ ամենը ցույց է տալիս, որ այստեղ հուղարկավորել են բարձրաստիճան մարդու: Դամբարանի հարեւանությամբ հայտնաբերել են եւս 60 գերեզման: Ըստ նախնական գնահատումների, հին գերեզմանատունը հայտնվել է Հռոմեական կայսրության անկումից հետո մեր թվարկության 480 եւ 530 թվականիների միջեւ ընկած ժամանակաշրջանում:

Այդ ժամանակ բազմաթիվ գերմանական ցեղեր, օրինակ՝ հոները, ներխուժել են այն տարածքներ, որոնք այլեւս չեն գտնվել հռոմեացիների պաշտպանության ներքո: Գերեզմաններում նաեւ գտնվել են ապակե գավաթ, մի քանի ոսկեզօծ զարդեր՝ հագուստի համար, երկաթե սուր եւ վահան, Զենոն կայսեր պատկերով ոսկեդրամ եւ շատ այլ բաներ:

Կարծում են, որ ապակուց պատրաստված առարկաները, որոնք զարդարված են արտասովոր փորագրումներով, պատրաստվել են գալլա-հռոմեական վարպետների կողմից, որոնք ապրել են Հռենոսի ափին: Միայն նրանք են տիրապետել այդ տեխնիկային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս