«Ոչինչ չունեմ ասելու». Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահի՝ այսօր արդեն ժամեր տևած ընտրության գործն առկախվեց. աշխատակարգային նիստն ընդմիջվեց: Այն կշարունակվի վաղը:
Այս մասին ՍԴ բակում լրագրողներին տեղեկացրեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
«Նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ից: Ըստ էության անցում չի կատարվել ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցերին: Քննության առարկա է դարձել կազմակերպական, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքը՝ լուսաբանել ՍԴ նիստը»,- ասաց Էդգար Շաթիրյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ լրագրողներին թույլ չի տրվելու լուսաբանել այն, սակայն նիստը կտեսաձայնագրվի:
Աշխատակարգային նիստին, ՍԴ նորանշանակ դատավորի փոխանցմամբ, ներկա են գտնվել բոլոր 9 դատավորները:
Էդգար Շաթիրյանից հետո ՍԴ շենքից դուրս եկած Հրայր Թովմասյանը չցանկացավ խոսել աշխատակարգային նիստի ընթացքից:
«Ոչինչ չունեմ ասելու»,- ասաց նա՝ հընթացս նկատելով, որ լրագրողներից նեղացած չէ, և առհասարակ նեղանալը տղամարդուն բնորոշ բան չէ:
Նա նշեց, որ, երբ հրապարակային բան ունենա ասելու, անպայման կասի: