Բաժիններ՝

Արդյո՞ք Վերաքննիչ վարչական դատարանը կվերահաստատի, որ խախտվել են Հ1-ի լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի աշխատանքային իրավունքները

Երեկ Վերաքննիչ վարչական դատարանում սկսվեց Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի նախկին լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի գործով քննությունը:

Հիշեցնենք, որ Ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը «Լուրեր» ծրագրի՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի քանի լրագրողների, այդ թվում՝ Լիանա Կարապետյանին ու Սիրանույշ Մուրադյանին, հետտոնական «անակնկալ» էր մատուցել՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր հանձնելով, որում նշված է, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ. մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։

Լրագրողները հետևողական գտնվեցին ու դիմեցին դատարան իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց նկատմամբ կայացված կամայական որոշումը բողոքարկելու համար։ Նրանք համարում էին, որ այդ որոշումը հիմնավորված ու պատճառաբանված չէ և ամբողջովին ապօրինի է։

Գրեթե մեկ տարի տևած դատավարությունից հետո լրագրողների բողոքը բավարարվեց, Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, որոշեց, որ Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի բողոքն ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի, ամբողջովին հիմնավորված է, և լրագրողներն ապօրինի որոշման արդյունքում են ազատվել աշխատանքից:

Եվ ահա փաստորեն Վարչական վերաքննիչ դատարանում վիճարկվում է Երևանի վարչական դատարանի այդ որոշումը:

Երեկվա դատական նիստում նախ կողմերը տեղեկացվեցին, որ դատարանի կազմում տեղի է ունեցել փոփոխություն, և դատավոր Արթուր Առաքելյանի հիվանդության պատճառով նրան կփոխարինի Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը:

Դատական նիստին ներկա էին կողմերի փաստաբաններ Տիգրան Ղազարյանն ու Արսեն Թավադյանը:

Բողոք բերող կողմը, ի դեմս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, պնդեց, որ այս գործը ենթակա չէ Վարչական դատարանում քննության:

Պատասխանողների ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի խոսքով, սակայն, գործ ունենք հանրային իրավահարաբերությունից ծագած վեճի հետ, քանի որ հաստիքների  կրճատումը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրային իրավական լիազորությունների մեջ է:

«Ամբողջությամբ վարչարարություն են իրականացրել, դրա անունը դրել են՝ հաստիքացանկ ենք կրճատել, և սա մեր բաժնետիրական իրավունքն է»,- նկատեց փաստաբանը՝ հավելելով, որ լրագրողներ Սիրանույշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը որևէ աշխատանքային իրավական, վարչաիրավական կամ այլ իրավական կապի մեջ չեն գտնվել ՀՌԱՀ-ի հետ, այսինքն՝ նրանց նկատմամբ տեղի է ունեցել արտաքին ներգործություն, կրճատվել են նրանց մասնագիտական հաստիքները:

Ինչևէ, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. գործով վճիռը կհրապարակվի 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս