«Մենք պետք հարգենք Արթուր Ալեքսանյանի խոսքը և այդ հարցին այլևս չանդրադառնանք». Սոֆյա Հովսեփյան
168.am–ը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածուների, նրանց հետ կապվող տարբեր ինտրիգների շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։
– Տիկին Հովսեփյան, տևական ժամանակ է` Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան և այլք։ Մամուլը գրում է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Գյումրիում ունենա իր թեկնածուին, որն էլ կընտրվի քաղաքապետ։ Այս հարցը Ձեր խմբակցության ներսում քննարկվե՞լ է, և քաղաքապետի հավանական թեկնածուների հետ կապված ի՞նչ կարծիք ունեք։
– Առհասարակ այս հարցը խմբակցության ներսում չի քննարկվել, անգամ կուսակցության շրջանակում չի քննարկվել, տեղյակ չեմ՝ վարչությունը քննարկե՞լ է, թե՞ ոչ, այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Նույնիսկ, եթե հարցը քննարկել են, կարծում եմ՝ նորմալ է։
Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, որոնց անունները քննարկվել են մամուլում, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Պարոն Ջուլֆալակյանի հնարավոր թեկնածության մասին առաջին անգամ եմ լսում։ Արթուր Ալեքսանյանի մասով էլ ասեմ, որ այն քննարկումները, որոնք եղան իր իսկ կողմից, այդ խոսակցությունները հերքեցին, քանի որ նա հայտնեց, որ պատրաստվում է մասնակցել Օլիմպիական խաղերին և նման օրակարգ, որպես այդպիսին, չունի։ Կարծում եմ՝ մենք պետք է հարգենք մարզիկի խոսքը և այդ հարցին այլևս չանդրադառնանք։
– Արմեն Փամբուխչյանը պատգամավորական մանդատը վայր դրեց և տեղափոխվեց գործադիր, հնարավո՞ր է՝ Դուք էլ Ձեր մանդատը վայր դնեք և մասնակցեք Գյումրու քաղաքապետի ընտրություններին, քանի որ ծնունդով գյումրեցի եք։
– Հնարավոր չէ, որովհետև ես ծնունդով Գյումրիից չեմ, այլ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից եմ և երբևէ ճիշտ չեմ գտել, որ ես պետք է լինեմ քաղաքապետի թեկնածու։ Թերևս, նման հարցադրում քաղաքացիների կողմից իմ շուրջ պտտվել է, որ կան խոսակցություններ, որ քաղաքապետի թեկնածուներից մեկը կին է լինելու, արդյո՞ք դա ես եմ։ Իմ կողմից եղել է պատասխան, որ նախ՝ երբեք այս հարցը չի քննարկվել, երբեք մտքովս նման բան չի անցել։ Նաև իրավական դաշտով ասեմ, որ, այո՛, դեռ ունեմ ժամանակ, որ կարող եմ գրանցում փոխել ու դառնալ թեկնածու, բայց այս պահին այդ իրավունքը չունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Կարծում եմ՝ ցանկացած քաղաքապետի, մարզպետի և ցանկացած մարդու իմ առավելագույն աջակցությունը կլինի հենց այստեղից, որ ես կարողանամ խնդիրները թե՛ բարձրաձայնեմ, թե՛ լինեմ նեցուկ, որպեսզի կարողանամ աջակցել և այդ հարցերը կարգավորել։ Կարծում եմ՝ իմ անելիքներն այս պահին այստեղ դեռ շատ-շատ են, և չեմ մտածում Տեղական ինքնակառավարման որևէ մարմնի ընտրություններին, կապ չունի՝ Գյումրին է, Արթիկը կամ որևէ այլ տեղ, մասնակցեմ։
– Եթե քաղաքական թիմը որոշի և առաջարկի, որ պետք է դնեն Ձեր թեկնածությունը, կընդունե՞ք այդ առաջարկը։
– Չեմ ընդունի այդ առաջարկը, որովհետև գտնում եմ, որ դա ճիշտ չէ, ո՛չ տեղին, ո՛չ էլ բարոյական։ Հենց Գյումրիում կան քաղաքի ուղնուծուծն ապրած մարդիկ, որոնք պետք է լինեն թեկնածու։ Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես լինեմ թեկնածու։ Այլ բան է՝ լինել պատգամավոր, քանի որ դու գալիս ես մի ամբողջ մարզի խնդրով, այլ բան է՝ մարզպետ, նախարար։ Բայց կոնկրետ քաղաքապետի դեպքում, կարծում եմ՝ այս պահին անհրաժեշտություն կա, որ հենց գյումրեցի լինի։
– Իսկ Գյումրիին ինչպիսի՞ քաղաքապետ է պետք։
– Գյումրիին պետք է քաղաքապետ, որը չափազանց արդար ու նվիրված կլինի։ Գյումրին շատ խառնվածքային քաղաք է, և այնտեղ պետք է իրապես նվիրյալներ լինեն։ Առհասարակ Շիրակի մարզն առանձնահատուկ մարզ է, բոլոր մարզերից տարբերվող, և ներսում ունի խառը խառնվածքային մոտեցումներ։ Այս հարցերը, ուզեն թե ոչ, պետք է քաղաքապետի թեկնածուները հաշվի առնեն։ Եթե վաղը մենք՝ որպես քաղաքական թիմ, ուզենք մեր թեկնածուն ունենալ, մենք էլ պետք է և պարտավոր ենք այս ամենը հաշվի առնել, որ այնտեղ պետք է բազմակողմանի զարգացած մարդ։ Կարծում եմ՝ 2021 թվականին մենք կունենանք այդ թեկնածուն, ով կլինի առաջատարը։ Ես չեմ համարում, որ էական է, թե թեկնածուն որ կուսակցությունը կներկայացնի, բայց պետք է լինի մարդ, ով քաղաքն իր ընտանիքի նման կսիրի։ Այդ քաղաքին ընտանեկան ջերմություն ու հոգատարություն է պետք։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում