Israel Aerospace Industries-ը 155 միլիոն դոլար է վճարել Ադրբեջանի փողերի լվացման մեջ մասնագիտացած երկու ընկերության

ԱՄՆ ֆինանսական նյութերի զանգվածային նոր արտահոսքի միջոցով պարզվել է, որ անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական խոշորագույն ընկերությունը՝ Israel Aerospace Industries-ը, 2012-2014 թվականներին առնվազն 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների (Jetfield Networks և Larkstone Ltd.), որոնք, ըստ հրապարակումների, որպես գաղտնի հիմնադրամ են օգտագործվել Ադրբեջանի վերնախավի համար:

Իսրայելի պետական Israel Aerospace Industries-ին վերաբերող բանկային փաստաթղթերը բաղկացած են մեկ տասնյակից ավելի կասկածելի գործունեության հաշվետվություններից, որոնք Deutsche Bank-ը ներկայացրել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը (FinCEN):

Թե ինչու է պետական Israel Aerospace Industries-ը (IAI) գումար վճարել այս երկու ընկերություններին, դեռ հայտնի չէ, բայց այն, որ փողերի լվացման հոտ է գալիս այս ամենից,  առաջինը  Deutsche Bank-ի պաշտոնյաներն են կասկածել, որոնց հանձնարարված է հետևել տրանսակցիաներին, որոնք, ըստ նրանց, կարող էին առնչություն ունենալ փողերի լվացման կամ ֆինանսական ահաբեկչության հետ:

Deutsche Bank-ի զեկույցում նշվել է երկու ընկերության անուն՝ Jetfield Networks և Larkstone Ltd., որոնց IAI-ը վճարել է մոտ 155 մլն դոլար:

Պարզվել է նաև, որ և՛ Նոր Զելանդիայում գրանցված Jetfield Networks ընկերությունում, և՛ Էստոնիայում գրանցված «Larkstone Ltd» ՍՊԸ-ում շահառուն 1961 թվականին ծնված ադրբեջանցի Ջավիդ Հուսեյնովն է:

Դեռ տարիներ առաջ էր կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) պարզել, որ այս ընկերություններն ադրբեջանական լվացքատան կենտրոնական հանգույցներն են: Jetfield Networks-ը և Larkstone Ltd.-ն գումար են վճարել ընկերություններին, որոնք ադրբեջանական վերնախավը և կառավարության ներկայացուցիչներն օգտագործել են որպես պաշտպանիչ հիմնադրամ՝ շքեղ իրեր գնելու, ինչպես նաև՝ վարչակարգի PR-ն ապահովելու համար:

Լրագրողական հետաքննության տվյալներով՝ Իսրայելից օֆշորային գոտիներ իրականացվող վճարումների շարքը սկիզբ է առել Israel Aerospace Industries-ի և Ադրբեջանի կառավարության միջև սպառազինության վաճառքի շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի կնքումից կարճ ժամանակ անց:

Տեսանյութեր

Լրահոս