«Ադրբեջանն այս պահին ուղղակի շանտաժ է անում Մինսկի խմբին կամ միջազգային հանրությանը». Հովհաննես Իգիթյանը՝ Ալիևի հայտարարության մասին

168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

 – Պարոն Իգիթյան, շաբաթ օրն Ադրբեջանի նախագահը հերթական հայտարարությունն է արել՝ նշելով, որ բանակցությունները տապալված են, և, որ այդ տապալման հարցում մեղավոր է հայկական կողմը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը: Նաև ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հայտնի հանդիպման ժամանակ՝ նա  իրեն խնդրել է, որ  ժամանակ տա՝ երկրի ներսում ընդդիմախոսների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ինչի համար Ալիևը պարտավորվել է պահպանել հրադադարի ռեժիմը։ Սա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

– Ես չգիտեմ, թե երկրորդ հարցի հետ կապված հայտարարությունը որտեղ եք կարդացել, դա անհեթեթություն է, եթե Ալիևը նման բան է ասել՝ առավել ևս անհեթեթ է: Եկեք լուրջ խոսենք, որովհետև «168 Ժամը» լուրջ թերթ է, հետևաբար՝ փորձում եմ իրեն լուրջ պատասխանել: Դուք Ձեր հարցը խճճեցիք, քանի որ հարցի առաջին մասը շատ կարևոր էր:

Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում: Ալիևն իր խոսքում մի քանի հայտարարություններ է արել, ընդ որում՝ այդ հայտարարության մի մասն ուղղված է իր ներքին լսարանին, մի մասը՝ միջազգային հանրությանը: Ես չէի ասի, որ այնտեղ որևէ բան կար, որը ուղղված էր Հայաստանին: Ալիևի առաջին, այսպես ասած, «ռազմավարական» հայտարարությունն այն էր, որ, ըստ էության, բանակցություններ տեղի չեն ունենում: Եթե փորձենք հասկանալ, թե սա ինչ է նշանակում, ապա, ըստ էության, կարող ենք ասել, որ բանակցություններ տեղի չեն ունենում 2016  թվականի ապրիլյան պատերազմից հետո, որովհետև հիմնական սկզբունքը, որը որդեգրվել է Մինսկի խմբի կողմից՝ նրա ստեղծման պահից, խաղաղություն պետք է հաստատվի, և պատերազմի փոխարեն պետք է լինի բանակցություններ: Մինսկի խումբը սկզբից ստեղծվել էր ռազմական գործողությունները դադարեցնելու համար, և այս հիմնական սկզբունքն Ալիևը խախտեց  2016 թվականին, երբ փորձեց ուժի ձևով լուծել Արցախի հարցը, ընդ որում, դա առաջին անգամը չէր:

Ինչպե՞ս կարելի է այս ամենը մեկնաբանել, հասկանալ: Սա կարելի է հասկանալ այնպես, որ Ալիևը համաձայն չէ այն մթնոլորտի հետ, որը սկսվել է բանակցային փուլում: Նա փորձել է, նույնիսկ ես կասեի՝ դա ոչ թե որպես պայման, այլ՝ որպես շանտաժ, վերջնագիր ներկայացնել Մինսկի խմբին, որ ըստ էության այս իրավիճակում չի տեսնում բանակցային գործընթացի շարունակություն:

Նա Հայաստանին մեղադրում է, որ իբր տավուշյան գործողությունների ժամանակ փորձում էր վնաս հասցնել իրենց նավթա- և գազամուղներին, որոնք գտնվում են Հայաստանից ոչ հեռու: Դա անհեթեթ է, սուտ է բացարձակ, որովհետև Հայաստանը միշտ էլ այդ կոմունիկացիաների տեղը գիտեր, և երբեք մեր նախագահներից  որևէ մեկի օրոք նպատակ չի եղել տարածաշրջանում խնդիրներ ստեղծել կոմունիկացիայի հետ:

– Հայկական կողմի  պատասխանը Ալիևին՝ ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել էին, արդյո՞ք համարժեք եք համարում:

– Ես չգիտեմ՝ «համարժեք« ասելով՝ ինչ եք պատկերացնում, այսինքն՝ մենք պետք է ասեինք, որ ադրբեջանցիները պետք է գնայի՞ն այս տարածաշրջանից: Համարժեք չի կարող լինել, մենք գործում ենք քաղաքակիրթ, դիվանագիտական ձևով և լեզվով, այն է,  ինչ ասել է Հայաստան պետությունը, որ բանակցություններին մենք չենք խոչընդոտում, և եթե կա խնդիր, ապա այդ խնդիրը գալիս է Ադրբեջանից՝ ռազմատենչ և ապակառուցողական քաղաքականության հետևանքով:

– Իսկ դիվանագիտական լեզուն Ադրբեջանը որքանո՞վ է հասկանում:

– Դա Ադրբեջանին չի ուղղված, խոսքիս սկզբում արդեն ասացի, որ Ալիևի հայտարարության մի մասն ուղղված էր Մինսկի խմբին, մի մասն էլ՝ իր ներքին լսարանին: Այն, ինչն ուղղված է նրա ներքին լսարանին, մենք չպետք է վերցնենք և շարունակենք այդ բանավեճն իր ներքին լսարանի համար:

– Ի վերջո, այժմ բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ:

– Բանակցությունները կան, դրանք ունեն ակտիվ ու պասիվ կողմ, որովհետև բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Աշխարհը բազմաթիվ օրինակներ ունի, որ այն ժամանակ, երբ կողմերն անցել են բանակցությունների փուլի՝ պատերազմն ավարտվել է: Դե, պատերազմն էլ չի կարող հարցը լուծել, դա բոլորն են հասկացել, ինձ թվում է՝ առաջին հերթին՝ Ադրբեջանը: Այդ պատճառով էլ շատերն են ասել, նաև վարչապետ Փաշինյանը վերջերս ասաց, որ, եթե Ադրբեջանը գտնում է, որ կա ռազմական լուծում, ապա Արցախը ռազմական ձևով լուծել է իր հարցը: Եթե սա կարելի է համարել լուծում, որովհետև նորից եմ կրկնում՝ Ադրբեջանը մի քանի անգամ փորձեց հարցը ռազմական ձևով լուծել և պարտվեց, պարտվելու է ևս մեկ անգամ, որովհետև այն նպատակը, որը դնում է Ալիևը, անհնար է իրականացնել ռազմական ձևով: Այսինքն՝ Ալիևն ասում է, որ ինքը ռազմական ձևով ոչնչացնելու է հայերին: Սա անհնար է, 21-րդ դարում չկա այդպիսի հնարավորություն՝ մի ամբողջ ազգ ոչնչացնել, սա 20-րդ դարը չէ:

– Իրատեսակա՞ն եք համարում, որ Ադրբեջանից եկող այս ռազմատենչ հայտարություններից հետո երկու կողմերը կկարողանան առաջիկայում նստել բանակցային սեղանի շուրջ, այսինքն՝ լինի ակտիվ բանակցային գործընթաց:

– Քանի դեռ որևէ կողմ չի հայտարարել բանակցային փուլից դուրս գալու մասին՝ բանակցային գործընթացը շարունակվում է: Ադրբեջանն այս պահին ուղղակի շանտաժ է անում Մինսկի խմբին կամ միջազգային հանրությանը, բայց նույնիսկ նա չի հայտարարել, որ դուրս է գալիս բանակցություններից: Իհարկե, բանակցությունները շարունակվում են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս