«Որևէ պատգամավորի փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել կամ որոշում կայացնել մանդատը վայր դնելու առումով». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ լուրերը, թե որոշ պատգամավորներ պատրաստվում են մանդատը վայր դնել, արդեն հերքվել են:

«Կարծում եմ՝ ավելորդ է լրացուցիչ մեկնաբանություն անել այդ առնչությամբ, իսկ առանձին պատգամավորների մասով, որոնց հետ կապված դեռ հարցեր ունեք՝ առաջարկում եմ, որ հենց այդ պատգամավորները պատասխանեն ձեր հարցերին: Ինձ հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացած հարցերը, խնդրում եմ, պատգամավորների հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ իշխանական մի շարք պատգամավորներ անհամաձայնություն են հայտնել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցում և որոշել են մանդատները վայր դնել:

Լիլիթ Մակունցը չասաց՝ խմբակցության ներսում ՍԴ դատավորների ընտրության հարցում անհամաձայնություն եղե՞լ է, թե՞ ոչ, միայն ասաց, որ խմբակցությունում եղել է աշխատանքային քննարկում:

«Որևէ լուրջ խնդիր չկա, ինձ թվում է, մենք բոլորս արդեն պետք է համակերպված լինենք այն իրավիճակի հետ, որ  մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, և այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում: Ինչպես նաև խնդիրներ չեմ տեսնում, երբ խմբակցության առանձին պատգամավորներ առանձին քննարկումներ են ունենում առանձին գերատեսչության ղեկավարի հետ: Մենք բռնապետական համակարգում չենք, և ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել կամ որոշում կայացնել մանդատը վայր դնելու առումով»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս