Հայաստանի անկախությունը` ծուղակում
Մեր վիշտը նրանում չէ, որ աշխարհում թուրք կա,
այլ նրանում, որ թրքատիպ հայ կա:
Հայկ Ասատրյան
Այսօր, երբ հեղափոխական իշխանությունները հայոց պետականության ծնունդը հռչակել են 2018թ.-ի գունավոր հեղաշրջումը, ՀՀ անկախության 29-ամյա իրողության առթիվ` խոսենք հայոց պետականության հնարավոր հեռանկարների մասին:
Օրվա խորհրդի համատեքստում կարիք կա դիտարկել երեք հասկացություն. «պետականություն», «սուվերենություն» և «անկախություն»: Եթե պետականությունը ընկալվում է՝ իբրև պետության անխափան կազմակերպվածության համակարգ, ապա սուվերենությունը` իբրև այդ պետության ներսում կառավարում ապահովելու գերակայություն և անկախություն արտաքին հարաբերություններում: Դիտարկելով ՀՀ սուվերենության փաստը՝ տպավորություն է ստեղծվում, որ կա միտում՝ աչքաթող անել ներքին կառավարման գերակայությունը և սևեռվել հիմնականում արտաքին հարաբերությունների վրա:
Բնական է, որ ՀՀ անկախության փաստն իբրև հայ ժողովրդի աշխարհաքաղաքական և պատմամշակութային շրջադարձի հնարավորություն դիտարկող ներկա իշխանությունները վտանգում են մեր կենսական շահերը: Արդյունքում՝ կդառնանք արկ, որը կարող է դրվել սեփական գոյության, դաշնակիցների հետ հարաբերությունների և ընդհանրապես արդի միջազգային հարաբերություններում:
Ունենալով վերը նշված փաստարկը` պարզ է դառնում, որ ՀՀ անկախության գաղափարի տակ մենք, անհրաժեշտ է, որպեսզի բյուրեղացնենք հենց սուվերենության և պետականության հայեցակարգերը: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա օտարել հայկական պետականության կայացման 1920-1991թթ. ժամանակահատվածը, թույլ չտալով սերունդներին ուշադրություն սևեռել ժամանակակից հայկական պետականության 102-ամյա իրողության փաստի վրա
Այո՛, միութենական Հայաստանը չուներ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու մանդատ, որը չի ժխտում նրա` ուժեղ պետականություն հանդիսացած լինելու փաստը: Պետք է նշել, որ շատ հաճախ լինելով անկախ` հնարավոր է չլինել սուվերեն, ի՛նչ-ի՛նչ պատճառներով զրկվել ներպետական կառավարման լծակներից և հետայդմ բաց թողնել արտաքին քաղաքականության սանձերը: Իրավիճակ, որում գտնվում ենք հիմա, հեղափոխական իշխանությունների ներքո: Արդյունքում, հնարավոր է վերածվել վարչատարածքային և իրավաքաղաքական անբովանդակ միավորի, որին էլ այդպես ուժգին ձգտում է ներկա կառավարությունը:
Ուստի` հարց. «ո՞րն է «Սեպտեմբերի 21»-ի խորհուրդը, զուտ անկախությո՞ւնը, թե՞ պետական սուվերենությունը»: Այս հարցին պատասխանելու համար կարիք կա գտնել «Սեպտեմբերի 21»-յան տոնի խորհրդի հակաթեզը: ՀՀ պետական սուվերենության թեզի հակաթեզը 2018թ.-ի հեղափոխական «ապրիլի 23»-ն է: Հենց այս` «սեպտեմբերի 21» և «ապրիլի 23» իրարամերժ թեզերի պայքարի կիզակետում է ներկայիս Հայաստանը, որի խորքային բախումից էլ կուրվագծվի հայոց պետականության ապագան:
Որպես օրինակ՝ հիշատակենք հետևյալը` 428 թ.-ին հայ նախարարները մեկնում են Տիզբոն և պարսից արքայի մոտ ամբաստանում Արշակունյաց հարստության վերջին թագավոր Արտաշես Արշակունուն: Նա գահընկեց է արվում, և հայոց գավառների կառավարումն անցնում է իշխանների ձեռքը: Փաստացի Արշակունիների դինաստիայի կործանումն ու անկախության կորուստը տեղի է ունենում, այսպես ասած, իրավական ինքնիշխանությունից` ժողովրդական ինքնիշխանության «հեղափոխական» անցման միջոցով: Ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում արքայամերժ ազգերը ծանր գին են վճարում: 2018թ.-ի ապրիլի 23–ն այն մեկնակետն էր, երբ ձեռք բարձրացվեց Հայաստանի սուվերենության վրա, և պատմությունը, թերևս, կրկնվեց, քանզի սուվերենության կրողը պետության օրինական ղեկավարն է: Ընդհանրապես, ժամանակն է հասկանալ, որ անկախ պետականությունն ավելի շատ հաց ու երշիկի կռիվ չէ, իհարկե, հասարակության բարեկեցությունն էական չափանիշ է, բայց սուվերենությունը տեսակի պահպանման ջանք է:
Պատմական օրինաչափությունների բերումով` այս անգամ ևս Հայաստանի սուվերունությունը խոցվեց երեք անկյուններով` 1. Արտաքին ագրեսիա, 2. Գլոբալացում, 3. Ներքին ուծացում: Ապրիլի 23-ին «ժողովրդի» անունից հանդես եկող կասկածելի ուժերի ճնշման տակ երկրի օրինական ղեկավար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Արդյունքում, սորոսականների իշխանազավթմամբ Հայաստանը կորցրեց արտաքին քաղաքականությունում իր ինքնիշխան իրավունքը, հնարավոր եղավ պահպանել պետական ապարատի օրգանականությունը, որը, ցավոք, շարունակում է մսխվել այսօր:
Արտաքին հարաբերություններում սուվերեն կեցվածք ցուցաբերելու և իր երկրի շահերը սպասարկելու համար Սերժ Սարգսյանը վճարեց քաղաքական գին: Միայն նրա հրաժարականի միջոցով հնարավոր եղավ հավատարիմ մնալ «Սեպտեմբեր 21»-յան խորհրդին և խուսափել սուվերենության լիարժեք կորստից:
2016թ.-ի ապրիլյան իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ դրա խնդիրներից մեկը ներհայաստանյան հասարակական ճգնաժամ հրահրելն և պետական կառավարումը կաթվածահար անելն էր: Հայոց բանակի ձախողման դեպքում կկիրառվեր այդ պատրվակով սնուցված քարոզչական գրոհը, իսկ հաղթանակի դեպքում` 5-րդ և 6-րդ շարասյուների ձեռքով պետք է այդ հաղթանակն արժեզրկվեր: Արդյունքում՝ 2018թ.-ի ապրիլի 23-ին, շնորհիվ հակառակորդի ներհայաստանյան գործիքների, արտաքին ագրեսիան վերաճեց նեոլիբերալ և գլոբալիստական հակապետական ընդվզման:
Ըստ այդմ` հասարակական գիտակցությունն ուղղորդելով դեպի յուրաքանչյուր քաղաքացու «ես»-ի չստացված կողմեր՝ մեր թշնամիները դրա մեղավոր կարգեցին մեր իսկ օրինական իշխանությանը՝ «Սերժը գնա, ամեն ինչ կկարգավորվի» դժբախտ կարգախոսով: Արդյունքում, ինքներս մեր սուվերենությունը դատարկեցինք ժառանգականությամբ շարունակվող ինքնության կրողներից ու ամուր կառավարումից` պետականության ճակատագիրը գլորելով դեպի կրքերով եռացող անդունդ:
Այդ պահին կորցնելով պետականության գոյությունը սնուցող զարկերակը` մեր ժողովուրդը, որպես այդպիսին, դադարեց ինքնակարգավորվող և ավանդույթի ուժով շարունակվող հասարակություն լինել` վերածվելով մոլուցքով լցված ամբոխի: Փակ խաչմերուկներում անկառավարելի քաոսն այն ռումբն էր, որը պետք է պայթեցներ թե՛ Հայաստանի սուվերենությունը, թե՛ անկախությունը, և թե՛ նույնիսկ պետականությունը:
Տոնի առթիվ մեր հասարակությունը պետք է ինքն իրեն հարց տա. «արդյո՞ք կրկին ուզում է ունենալ ինքնիշխան կառավարում», թե՞ իր համար այլևս թանկ է միայն հացն ու բարեկեցությունը, «ցանկանում է արդյո՞ք դուրս գալ կեղծիքի գերությունից»:
Լևոն Նազարյան
ՀՀԿ ԵԿ անդամ, Հայկ Ասատրյան ակումբի համահիմնադիր