
«Գիտեմ, թե որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել ստանձնածս հանձնառությունից․ այդ պահը չի եկել». Համազասպ Դանիելյան

Արդեն մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ իշխանական մի շարք պատգամավորներ, որոնք Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ անհամաձայնություն էին հայտնել «Իմ քայլը» խմբակցության ներսում, և նրանց կարծիքը հաշվի չեն առել, առաջիկայում պատրաստվում են վայր դնել պատգամավորական մանդատը:
Նշվում են մի քանի պատգամավորների անուններ՝ Գայանե Աբրահամյան, Գոռ Գևորգյան, Լուսինե Բադալյան, Համազասպ Դանիելյան:
Այսօր խորհրդարանում լրագրողները Համազասպ Դանիելյանից հետաքրքրվեցին, թե մանդատը վայր դնելու լուրերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
««Իմ քայլը» խմբակցությունն այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ բանավեճ ծավալվում է: Բացառություն չի եղել ՍԴ դատավորների թե՛ սկզբունքների մակարդակում, թե՛ կոնկրետ թեկնածուների մակարդակում, հանրությունը առիթ է ունեցել հետևել: Այս մասը ճիշտ է, նորմալ է, հարիր է ժողովրդավարական երկրին, երբ որ խոսքը գնում է իշխող մեծամասնության մասին: Մանդատ դնելու մասը դա չգիտեմ՝ որ լրագրողի, ԶԼՄ-ի հորինվածքն է: Շատ պարզ գիտեմ, թե երբ ու որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել այն հանձնառությունից, որ ստանձնել եմ, ու այդ պահը չի եկել»,- նշեց պատգամավորը: