«Մեգաստախոսը խոսում էր մեգանպատակների մասին». Աշոտյանը՝ Փաշինյանի՝ 2050թ․ ռազմավարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Անկախության տոնի առիթով, ներկայացրեց մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդմամբ, սակայն, դրան ոչ ոք այդպես էլ լուրջ չվերաբերվեց:

«Վարչապետը Անկախության օրով փորձում էր ներկայացնել Հայաստանի տեսլական, որին այդպես էլ ոչ ոք չհավատաց, որը դարձավ հիմնականում ձեռառնոցու և հանրային հումորի ժայթքման պատճառ: Ինչո՞ւ է այդպես, եկեք անկեղծ խոսենք․ Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի ոչ մի լուրջ խոստում կյանքի չի կոչվել առ այսօր: Անցել է 2-2.5 տարի իր իշխանության գալուց հետո, և նա ի վիճակի չի եղել իրականացնել իր խոստումները: Մարդը, որը չի կարողանում կարճաժամկետ խոստումները կյանքի կոչել, հանրության աչքերում չունի բարոյական իրավունք՝ խոսելու երկարաժամկետ խոստումների մասին: Կարճ կարելի է ասել՝ մեգաստախոսը խոսում էր մեգանպատակների մասին:

Այստեղ որևէ մեկը չի կարող այդ թեզերը լուրջ ընկալել: Իհարկե, Հայաստանին պետք է տեսլական, պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց մտնել այդ դաշտ: Ցանկացած երկրին պետք է զարգացման տեսլական, տեսլականը բանաձևելու, ստեղծելու համար պետք է ունենալ գիտելիքների բավարար պաշար և ռազմավարական մտածողություն: Երկրորդ պատճառը, թե ինչո՞ւ հանրությունը մերժեց այդ «Սթիվ Ջոբս շոուն»՝ այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հանրային ընկալման մեջ այն մարդը չէ, որ ստեղծել է տպավորություն, որ իբր ունի բավարար գիտելիքներ, արժեհամակարգ, որ մեր երկրին տա տեսլական, «վիժըն»: Չինական սթիվջոբսյան պրեզենտացիոն տեդեքսային ոճը, բացի խղճահարությունից, այլ բան չի հարուցում ինձ մոտ»,- ասաց Աշոտյանը:

Հայաստանի զարգացման տեսլականի և դրանում Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցության մասին ՀՀԿ փոխնախագահը խոսեց ինքն իր հետ հարց ու պատասխանի ձևով: Նա չբացառեց, որ Փաշինյանը կարող է մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման ռազմավարության ստեղծման գործում:

«Երկրին պե՞տք է տեսլական, այո, կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը մասնակցել դրա ստեղծմանը, գուցե՝ այո, բայց արդյո՞ք նա է լինելու այդ տեսլականի հիմնական դիրիժորը, տեսլականի հիմնական կնքահայրը, վստահ եմ՝ ոչ: Տեսլականի հիմնական կնքահայրը լինելու են ազգային մտածելակերպով, առողջ քաղաքական ուժերը»,- ասաց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս