«Դուք հնարավորինս պահպանեցիք մասնագետներին ու աշխատատեղերը՝ թեկուզև երբեմն նվազագույն վարձատրությամբ»․ Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով:
«Հայոց պատմությունը վկայում է, որ մեր ժողովուրդն իր նվիրական նպատակներն ու կամքը երբ զսպանակել ու լարել է Հայկ Նահապետի աղեղի պես, հաղթանակն անխուսափելի է դարձել։ Այդպես էր հատկապես բախտորոշ Սարդարապատի ժամանակ, նաև՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, երբ վայելեցինք Անկախության հանրաքվեի բերկրանքը, իսկ երկու օր հետո Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Այդ օրը մեր կամքը կրկին վճռեց, որ պետականության բարձրագույն արժեքը անկախությունն է։ Եվ անշուշտ անկախությունը նվաճելը խիզախություն է, իսկ այն պահպանելն ու պետականությունը հզորացնելը՝ հերոսություն։ Եվ հերոսանալու ռազմաճակատն այսօր տնտեսական դաշտում է, որի առաջին զինվորը գործարարն է, ով պետք է աշխատատեղ ու բարիք ստեղծի, հային Հայաստանում պահի, սահմանին՝ զինվորին, դպրոցում՝ աշակերտին․․․
Սիրելի գործարարներ, այսօր շատ են մարտահրավերները՝ հատկապես երկրի շրջափակումն ու չհայտարարված պատերազմը, ինչին գումարվեց նաև կորոնավիրուսի համավարակը։ Ժողովուրդը գոհունակությամբ է արժևորում ձեր լարված աշխատանքը, ինչի շնորհիվ դատարկ վաճառասրահներ չունեցանք, բնականաբար՝ նաև խուճապային իրավիճակ։ Դուք հնարավորինս պահպանեցիք մասնագետներին ու աշխատատեղերը՝ թեկուզև երբեմն նվազագույն վարձատրությամբ։
Քաղաքացիական բարձր գիտակցականությամբ զորակցում եք ինչպես Միության, այնպես էլ այլ կազմակերպությունների դրամահավաքներին՝ նորացնելով Մանթաշովականության բարի ավանդույթները։ Այսօր ժողովուրդը հատկապես ձեզ է նայում։ Քաղաքացիական պարտականությունից զատ՝ դա նախ մեծագույն պատիվ է։
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հանրաքվեի և անկախ պետականության հռչակման առթիվ և մաղթում խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, որ բոլորս լիարժեք վայելենք անկախության պտուղներները։
Աստված պահապան մեր աշխատասեր ու կառուցող ժողովրդին»։