![](/banners/BeFunky-design.jpg)
Մի խումբ համախոհ բժիշկներ «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպություն են ստեղծել
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/Samvel-Grigoryan.jpg)
Սիրելի հայրենակիցներ, բուժաշխատողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մի խումբ համախոհ բժիշկներով ստեղծել ենք «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպությունը։
Նման նախաձեռնության կյանքի կոչվելու համար խթան է հանդիսացել վերջին ժամանակներում բուժաշխատողների հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշումները, իրավունքների ոտնահարումները, մասնագիտական դիրքորոշման և տեսակետի արտահայտման համար հետապնդումներն ու հալածանքները։
Երբեք բուժաշխատողների կարծիքը առողջապահական համակարգի կառավարիչների և պաշտոնյաների կողմից այդքան արհամարված ու անտեսված չի եղել։
Սպիտակ խալաթ կրողի դերն ու նշանակությունը մեր կյանքում չգնահատած, բժշկական աշխարհը պառակտած, այլ ոչ միավորած, գիտական, ակադեմիական և փորձագիտական շրջանակները յուրայինների և օտարների բաժանած առողջապահական համակարգի պատասխանատուները տեղ չպետք է ունենան մեր իրականության մեջ։
Այսօր մասնագիտական այլակարծությունը հետապնդվում է մեծամիտ, բարդույթավորված ու քինախնդիր ինքնահավանների մի շրջանակի կողմից՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատման սպառնալիք, ազատում, աշխատանքի ընդունման արգելանք, հոգեբանական ճնշումներ և այլն։
Ցանկացած սեփական տեսակետ և հանրային դիրքորոշում ունեցող բուժաշխատող, ով բաց ձևով արտահայտում է դա, դառնում է այդ շրջանակի հարձակումների և հալածանքների թիրախ։
Սիրելի արժանապատիվ բուժաշխատողներ, առողջապահական համակարգը հիմնարար սանացիայի ենթարկելու ժամանակն է եկել։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ այդ գործում, հաղթահարելով սեփական անհաղորդությունը առկա մարտահրավերների նկատմամբ ու տարատեսակ վախերը։
Լռելու դեպքում առողջապահական համակարգի կազմաքանդման վտանգը ծեծելու է մեր բոլորի դռները։
Կոչ ենք անում բոլորին միավորվել, հրավիրում ենք անդամակցելու այս նորաստեղծ միությանը։
Մենք պարտավորվում ենք յուրաքանչյուրի ձայնը, որը բխում է այս միության նպատակներից, լսելի դարձնել բոլոր հնարավոր հարթակներում: Ներկայացնելով իրական խնդիրները, բացահայտելով ճշմարտությունը և լուսավորելով, մենք կնպաստենք համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի էական փոփոխմանը:
Միասին մենք կարող ենք հասնել առողջապահության համակարգի արմատական առողջացմանը՝ ի նպաստ մեր ժողովրդի առողջության պահպանման և բժշկագիտության զարգացման։
? Աստված մեզ օգնական և պահապան։
պրոֆ. Սամվել Գրիգորյան
«Արժանապատիվ բուժաշխատողների միություն» ՀԿ Նախագահ
‼️ Սիրելի հայրենակիցներ, բուժաշխատողներ,Սիրով տեղեկացնում ենք, որ մի խումբ համախոհ բժիշկներով ստեղծել ենք «Արժանապատիվ…
Gepostet von Արժանապատիվ բուժաշխատողների միություն-Union of Decent Healthcare Workers am Samstag, 19. September 2020