Անկախության խորհուրդը

Այսօր Հայաստանը նշում է Անկախության հռչակման 29-րդ տարեդարձը։ Ինչպես ամեն տարի, այսօր էլ տեղի կունենան բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ, կհնչեն սրտակեղեք ու պաթետիկ ճառեր, անկախության անբեկանելիության մասին խրոխտ հայտարարություններ։ Բայց այդ զեղումներով, ցավոք, մեր անկախությունն ավելի չի ամրանա ու ավելի անսասան չի դառնա։ Որովհետև անկախության ամրապնդման, իրապես անկախ ու ինքնիշխան երկիր ունենալու համար անհրաժեշտ է ոչ թե խոսք, որը մեր ժամանակների հիմնական սուբստանտն է, այլ գործ, որն այնքան սակավ է մեր օրերում։

Անկախության հզորացման, այն անխոցելի դարձնելու համար պետությունը պետք է հզոր ու ինքաբավ լինի՝ ինչպես ներքնապես, այնպես էլ՝ արտաքնապես։ Մենք արդեն ավելի քան երկու տարի, սակայն, տեսնում ենք երկիրն ու հասարակությունը ներքուստ թուլացնելու, կազմաքանդելու պետականորեն վարվող քաղաքականություն, հանրությունը պառակտելու ու ջլատելու կրկին պետականաստեղծ քարոզչություն, որը չի կարող բացասական հետևանքներ չունենալ՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ու առավել ևս՝ երկարաժամկետ հեռանկարում։

Պառակտված հասարակությունը որևէ երկրին թույլ է դարձնում և՛ ներքին իմաստով, և, առավել ևս՝ արտաքին սպառնալիքների պարագային։ Բայց այնպես չէ, որ ներքին այս խառնակ պատկերը փոխհատուցվում է Հայաստանի կողմից վարվող նախաձեռնողական ու ճկուն արտաքին քաղաքականությամբ, որն ավելացնում է մեր դաշնակից ու բարեկամ երկրների քանակը՝ այդպիսով ամրապնդելով պետության ինքնիշխանությունը։ Ճիշտ հակառակը, տպավորություն է ստեղծվում, որ  վարվող արտաքին քաղաքականության նպատակը հնարավորինս մեծ թվով պետությունների մեզանից վանելն ու միայնակ մնալն է՝ մեր սիրելի վճռական մենակի կարգավիճակում։

Ներքին ու արտաքին քաղաքական այս և էլի շատ գործոններ, ցավոք, խոցելի ու փխրուն են դարձնում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, որոնք ամեն տարվա հետ ավելի են հեռանում Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից ու արժեքներից։ Անկախ այս ամենից, սակայն, անկախությունն իրապես անբեկանելի ու անքննելի արժեք է բոլորիս համար՝ անկախ պահի իշխանության կամ ընդդիմության լավ կամ վատ լինելուց, վարվող դրական կամ բացասական քաղաքականությունից։

Անկախությունը ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի հասարակության ձեռքբերումն ու սեփականությունն է, և հենց հասարակությունը պետք է պահպանի ու պաշտպանի այդ անկախությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև իշխանություններից։ Հետևաբար՝ այսօր՝ Անկախության 29-րդ տարեդարձին, պետք է մեր հասարակությանը մաղթել ուժ ու իմաստնություն՝ պաշտպան կանգնելու անկախությանը ու  հավատարիմ մնալու Անկախության հռչակագրի գաղափարներին։

Շնորհավոր Անկախության օրը:

Տեսանյութեր

Լրահոս