«ՍԴ-ի հետ կապված բոլոր հնարավոր հարցերը՝ վերացական ասեմ, կփակվեն, երբ սահմանադրական փոփոխություններ կկատարենք». Սուրեն Գրիգորյան
168.am-ը Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ։
– Պարոն Գրիգորյան, կարծիք է հնչում, թե Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը, քվեարկությունը և ընտրված անձանց հաշվի առնելով, կարելի է ասել, որ այս ՍԴ-ն դառնալու է ներկայիս իշխանությունների կամակատարը։ Դուք այս կարծիքը կիսո՞ւմ եք։
– Ոչ, այդ կարծիքը չեմ կիսում, առհասարակ չհասկացա՝ ո՞րն էր փաստարկը, ելնելով ի՞նչ քվեարկությունից, դրակա՞ն։ Այսիքնն՝ Ազգային ժողովը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի դատավոր։ Ստացվում է, որ ԱԺ-ն միակ ձևը, որն ունի, իր քիմքին ոչ հաճելի դատավոր ընտրել, դա դատավոր չընտրելն է։ Այսինքն, երբ մենք ընտրում նք, ասում են՝ այ, որ ընտրեցիք, ուրեմն՝ ձեր քիմքին հաճելի էր։ Քննադատության չի դիմանում այդ արգումենտը, ներողություն եմ խնդրում, բայց ավելի բովանդակային չեմ կարող պատասխանել։ Դա այդպես չէ, որովհետև ընդամենը քվեարկել ենք կողմ, հավանություն ենք տվել թեկնածուներին, բացատրել ենք մեր որոշման պատճառները։
– Ինչո՞ւ Երվանդ Խունդկարյանի հետ կապված հաշվի չեք առել Հակակոռուպցիոն հանձնաժողովի կարծիքը՝ նրա բարեվարքության հետ կապված։
– Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքին, ապա այն փակ է, տրամադրվում է բացառապես պատգամավորներին, հրապարակման ենթակա չէ։ Ինչ վերաբերում է ի գիտություն ընդունելուն, ի գիտություն ընդունել ենք։
– Իսկ իրատեսակա՞ն եք համարում, որ ՍԴ ներկայիս կազմը Հրայր Թովմասյանին կընտրի ՍԴ նախագահ։
– Դե, եթե ՍԴ ներկայիս կազմը պատրաստվում է խախտել Սահմանադրությունը, այդ դեպքում իրատեսական է։ Սահմանադրության համաձայն՝ անձը ՍԴ նախագահ կարող է ընտրվել մեկ անգամ։ Պարոն Թովմասյանն արդեն եղել է ՍԴ նախագահ, վերընտրվել չի կարող։ Կարծում եմ՝ ՍԴ-ի պրոցեսը կընթանա, այդ հարցերն իրենց կուղղեք։
– Եթե ավելի մանրամասնեք վարչապետի հայտարարությունը, թե ՍԴ-ում ճգնաժամը լուծվել է, ի՞նչ է այնտեղ տեղի ունեցել, միայն դատավորների փոփոխությո՞ւնն եք հաշվի առել, որ նման հայտարարություն եք արել։
– ՍԴ ճգնաժամը, ինչպես ասել ենք, պատճառները, որոնք նշել ենք՝ վերացվել է։ ՍԴ-ում ճգնաժամի հիմնական պատճառը նաև նշվում էր նրա մոդելի անհամապատասխանությունը գործող Սահմանադրությանը, և 213–րդ հոդվածի փոփոխությամբ և դատավորների ընտրությամբ այդ խնդիրը լուծվեց։ Իհարկե, ես նախկինում էլ եմ ասել և հիմա էլ եմ ասում, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ բացարձակ լեգիտիմության ապահովումը, այսինքն՝ հիմա էլ է ՍԴ-ն լեգիտիմ, բայց քանի որ բոլոր ինստիտուտների իշխանությունը բխում է ժողովրդից, կարծում ենք՝ ՍԴ-ի հետ կապված բոլոր հնարավոր հարցերը նաև, այդպես վերացական ասեմ, կփակվեն, երբ մենք սահմանադրական փոփոխություններ կկատարենք։ Ըստ էության, այն փոփոխությունները, որոնք կատարվեցին ԱԺ-ում, նաև դա կլեգիտիմացվի։ Չնայած առանց այդ էլ լեգիտիմ է, որովհետև մենք ունենք ժողովրդի ձայնը ստացած մեծամասնություն, որն ընդունեց այդ սահմանադրական փոփոխությունները։
– Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունների հետ կապված կարծիքներ են հնչում, որ նրանք եղել են նախորդ իշխանությունների կամակատարը, հիմա, երբ նրանք ընտրվել են ՍԴ դատավորներ, ժողովուրդը պե՞տք է այդ ՍԴ-ին վստահի, թե՞ ոչ։
– Հասարակությունը որևէ պետական ինստիտուտի պետք է վստահի կամ չվստահի՝ ելնելով այդ պետության գործողություններից։ Բայց մեկ շտկում կատարեմ, որ պարոն Խունդկարյանը, Շաթիրյանը և Վաղարշյանը ոչ միայն արդեն ընտրվել են ՍԴ դատավոր, այլև իրենց երդմամբ ստանձնել են ՍԴ դատավորի պաշտոնը։
– Լուրեր են շրջանառվում, որ Դուք առաջիկայում նշանակվելու ենք Արդարադատության փոխնախարար, նման առաջարկ Ձեզ եղե՞լ է։
– Եթե այդ լուրերը շրջանառվում էլ էին, երեկ պետք է դադարած լինեին, որովհետև երեկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին տրվեց հարցը, նա էլ մեկ բառով պատասխանեց, որ՝ ոչ, Սուրեն Գրիգորյանը չի նշանակվելու Արդարադատության փոխնախարար։ Կարծում եմ՝ սրանից հետո այդ քննարկումներն անհարկի են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում