Արման Աբովյանը՝ ԲՀԿ առաջնորդին ուղարկած սուրհանդակի և Գևորգ Պետրոսյանի՝ քաղաքական դիսկուրսում երրորդ եռյակում հայտնվելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իր  տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և, առհասարակ, իշխանությունների միջև փոխհրաձգությունը դադարի:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադառնալով այդ տեղեկատվությանը՝ նշեց, որ կարդացել է այդ հրապարակումը և զարմացել, դրա վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի:

«Ես կարող եմ հստակ արտահայտել մեկ դիրքորոշում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, կուսակցությունը, մեր առաջնորդը առաջնորդվում են միայն ու միայն այն օրակարգով, որը որոշում ենք մենք: Մեզ վրա ազդել, ճնշել… տեսնում եք՝ ինչ է կատարվում, չի ստացվելու: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որը հայտնվել է մամուլում, իրականում զարմանքով կարդացի»,- ասաց Արման Աբովյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի երեկվա գրառմանը, Արման Աբովյանն ասաց, որ այն վերաբերում է բոլոր այն անձանց, որոնք ունենալով հոգեկան խնդիրներ՝ չպետք է զբաղեցնեն որոշակի պաշտոններ:

«Ասեմ ավելին՝ մեր փորձագետներն արդեն աշխատում են համապատասխան նախագծի վրա, որ հոգեկան խնդիրներ ունեցողները քաղաքական բարձր պաշտոններ չզբաղեցնեն»,- հավելեց նա:

Անդրադառնալով վարչապետի այն խոսքին, որ Գագիկ Ծառուկյանը գրել չգիտի, Արման Աբովյանն ասաց, որ նման անհեթեթություններ չի մեկնաբանի:

«Ցավոք, այսօր ո՛չ վարչապետը, ո՛չ իշխանությունը չի կարողանում առարկայական պատասխաններ տալ այն խնդիրների վերաբերյալ, որոնք հնչեցրել է Գագիկ Ծառուկյանը: Այսօր մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»,- շեշտեց Արման Աբովյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս