«Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ». Արարատի մարզի բնակիչ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շարունակում է իր մտերիմներին բարձր պաշտոնների նշանակել մարզպետարանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը:

«Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին՝ Արթուրին, տեղավորել մարզպետարանում՝ որպես մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ: Մրցույթը եղել է, բայց նա չի անցել, քանի որ գրավոր շեմը չի հաղթահարել: Համենայնդեպս, նման դեպքի արդեն ականատես եղել ենք՝ Միրզախանյան Լիլիթը, որը մարզպետ Գարիկին մորքուրի թե հոպարի հարս էր գալիս, էլի մրցույթը եղավ՝ չանցավ, բայց այնքան ձգեց, մինչև կարողացավ անցկացնել, երրորդ-չորրորդից նոր անցկացրեց, նույնն էլ սրան է անելու»,- ասաց Արարատի մարզի բնակիչը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն էր կտրվել, մյուս երկուսն անցել էին երկրորդ փուլ և պետք է մրցակցեին բանավոր քննության ժամանակ։ Սակայն ամիսներ անց՝ 2020-ի փետրվարին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիլիթ Միրզախանյանին նշանակեց Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս պահին Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Հասմիկ Գասպարյանն է, որը մարզպետարանում աշխատել է նաև նախորդ մարզպետի օրոք, իսկ Գարիկ Սարգսյանը նրան բերեց այդ պաշտոնին, քանի որ միայն նա կարողացավ Ավշարի դպրոցում կարգուկանոն հաստատել, երբ ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ և գործադուլ էին իրականացնում:

«Հասմիկ Գասպարյանին խոստացավ այդ պաշտոնը, բայց ասաց՝ արի, գնա Ավշարում հարթի այդ վիճաբանությունները, նա էլ գնաց, հարթեց, որ այս պաշտոնն իրեն տա, բայց մարզպետը ոնց որ հիմա «քցում է»,- ասաց քաղաքացին:

Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Թադևոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման մրցույթ եղե՞լ է, խնդրեցինք նաև մեկնաբանել մարզպետ Գարիկ Սարգսյանի քեռու աներձագի՝ մրցույթին մասնակցելու մասին լուրը:

«Օգոստոսի 4-ին անցկացվել է Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արտաքին մրցույթի թեստավորման փուլը, սակայն մրցույթի մասնակիցներ Գայանե Գրիգորյանն ու Արթուր Իսաջանյանը չեն հաղթահարել այդ փուլը։ Մասնակիցներից, որևէ մեկը մարզպետին ազգական չէ»,- ասաց մարզպետի խորհրդականը:

Նրա խոսքով՝ մրցույթի համար դիմել է 4 մասնակից, սակայն երկուսն են ներկայացել մրցույթին:

Չնայած Գարիկ Սարգսյանի խորհրդականի պնդմանը, թե մասնակիցներից որևէ մեկը բարեկամական կապ չունի մարզպետի հետ, մեր աղբյուրը վստահեցնում է, որ Արթուր Իսաջանյանը մարզպետի քեռու աներորդին է:

«Գարիկը 2 քեռի ունի՝ Գոքոր և Գարուշ, Արթուր Իսաջանյանը Գարուշ քեռու աներձագն է, որը նաև դպրոցի տնօրեն է, դե թող հիմա էլ հերքեն»,- ասաց մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս