«Իշխանությունը, որը եկել է հեղափոխությամբ, փաստորեն դառնում է ավելի վատ հրեշ, քան ունեինք նախկինում». Գևորգ Գորգիսյան
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Անի Սամսոնյանը փորձել էին իրենց հետ նիստերի դահլիճ մտցնել «Արայիկ Հարությունյան, դուխով հեռացիր» վերտառությամբ պաստառը: ԱԺ նախագահը փորձել է միջամտել, որպեսզի այն նիստերի դահլիճ չտանեն, սակայն վերջիններս կարողացան պաստառով մտնել ներս:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնելու և անվստահություն է հայտնելու Կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի նախարար Արայիկ Հարությունյանին:
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2018 թվականի ապրիլին, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմություն էր, ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանն իր ելույթի ժամանակ վառեց գունավոր ծխարձակիչ, ինչի հետևանքով մի քանի րոպե դահլիճը գտնվում էր ծխի մեջ:
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Գևորգ Գորգիսյանի հետ:
– Պարոն Գորգիսյան, 2018 թվականին, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմություն էր, նիստերի դահլիճում գունավոր ծխարձակիչ էր վառել, այսինքն՝ կարողացել էր դա իր հետ նիստերի դահլիճ տանել: Սակայն այսօր ԱԺ նախագահը փորձում էր խոչընդոտել, որպեսզի Դուք պաստառ տանեք Ձեզ հետ դահլիճ, Ձեզ վրա ճնշո՞ւմ կա իշխանության կողմից:
– Ցավոք, երբեմն նորերը գերազանցում են նախորդներին՝ մենիշխանության տարբեր դրսևորումներով: Երբ հարցը բարձրացրեցինք նիստերի դահլիճում, տիկին Սամսոնյանը խոսեց այդ մասին, Արարատ Միրզոյանը խոստացավ, որ անպայման կթողնի ներս մտցնենք: Բայց պարզվեց, որ մի հատ էլ գրաքննության փուլ պետք է անցնենք, այսինքն՝ ԱԺ նախագահությունը պետք է նայի ու հասկանա, թե դա իրեն դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Բնականաբար, մենք այդտեղ արդեն զայրացանք, և նրանք ստիպված եղան մեզ թույլ տալ, որպեսզի այդ ամենը կատարենք: Բայց սա իսկապես շատ վատ միտում ունի, որովհետև իշխանությունը, որը եկել է հեղափոխությամբ, փաստորեն դառնում է ավելի վատ հրեշ, քան մենք ունեինք նախկինում: Սա մենք ամեն օր իսկ տեսնում ենք:
– Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հետ կապված՝ ի՞նչ է այսօր սպասվելու:
– Սովորական ընթացակարգով հարցապնդում է լինելու, մենք մեր հարցերը կտանք, ելույթներ կունենանք: Մեր համակիրները և ՀՀ այն քաղաքացիները, որոնք դժգոհ են Արայիկ Հարությունյանի կառավարումից, կլինեն ԱԺ-ի դիմաց՝ սատարելու մեր պահանջը՝ նրա հրաժարականը:
– Մեկ տարուց ավելի է՝ հանրությունը բողոքում է Արայիկ Հարությունյանի գործունեությունից, սակայն՝ անարդյունք: Ի՞նչ եք կարծում՝ Ձեր այս նախաձեռնությունը հաջողության կարո՞ղ է հասնել:
– Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մենք պետք է անենք մեզանից կախված ամեն ինչ, իսկ գնահատականը վաղը պետք է տա քաղաքացին: Եթե մենք ապացուցում ենք, ցույց ենք տալիս, որ տվյալ նախարարը ձախողել է ոլորտը, բայց Կառավարությունը շարունակում է այս նախարարին պահել: Վաղը նույն Կառավարությունը հանրության առաջ պետք է պատասխան տա, թե ինչու է այդպես արել, արդյո՞ք դա նախարարի մշակած քաղաքականությունն է, թե՞ վարչապետի քաղաքականությունը՝ ոլորտը տապալելու:
– Ժամանակին վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանում կա 3 մլն վարչապետ, բոլոր հարցերի որոշողը պետք է լինի ժողովուրդը: Հիմա ժողովուրդը չի ուզում Արայիկ Հարությունյանին տեսնել այդ պաշտոնում, ինչո՞ւ վարչապետը նրանց չի լսում:
– Այստեղ մենք տեսնում ենք նախկին պատասխանները, փաստորեն ժողովուրդը միայն նրանք են, որոնք ընտրել են «Իմ քայլին», որն էլ ներկայացնում է մեծամասնությանը, հետևաբար՝ նաև ժողովրդին: Սա է այն ամբողջ տրամաբանությունը, որով նրանք փորձում են հիմնավորել իրենց ցանկացած անտաղանդ քայլ: Ցավոք, սա վատ են անում, քան նախկինները, որովհետև ավելի շատ են ԱԺ-ում և դեռ ինչ-որ չափով ունեն ժողովրդի վստահությունը: Սա նրանց ավելի է թևավորում, որպեսզի ավելի հեշտությամբ երկրում մենիշխանություն տարածեն: Ցավոք, դա այդպես է, բայց մենք նման բան թույլ չենք տա, ինչպես Հանրապետական կուսակցության ժամանակ էինք պայքարում մենիշխանության և երկիրը սուլթանության վերածելու դեմ, այնպես էլ այսօր ենք պայքարում նույն բանի դեմ:
– Իրավիճակի հետ կապված, որպես ընդդիմություն, Դուք Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք:
– Չեմ կարող ասել այդպես, իհարկե, մենք էլ թերություններ, թերացումներ ունենք, գուցե ինչ-որ պահի բավականին խիստ չենք եղել, կամ ինչ-որ պահի բավարար կառուցողական չենք եղել, այդ գնահատականն ամեն դեպքում հանրությունը կտա: Կարծում եմ՝ մենք հնարավորինս ամեն ինչ արել ենք, որպեսզի ԱԺ-ում քննարկումներ անենք և գանք երկխոսության, այլ ոչ թե փոխադարձ վիրավորանքների դաշտ: Մենք անընդհատ գաղափարներ ենք բերել ԱԺ, փորձել ենք քաղաքականությունը բարձրացնել նոր մակարդակի և, ի վերջո, քննարկենք գաղափարներ: Ցավոք, մեր գործընկերներն անընդհատ քննարկումները տանում են բամբասանքների, զրպարտությունների, ընդհուպ՝ մինչև վիրավորանքների ու ձեռնամարտի դաշտ:
– Վաղն «Ազգային օրակարգ» կուսակցությունը կառավարության մոտ իրականացնելու է բողոքի ակցիա՝ պահաջելով Կառավարության հրաժարականը: Հնարավոր համարո՞ւմ եք՝ արտախորհրդարանական ընդդիմության հետ համագործակցեք և միանաք այդ ակցիային, թե՞ ոչ:
– Կառավարության հրաժարականի պահանջն առաջին հերթին նշանակում է՝ պահանջել վարչապետի հրաժարականը, նաև՝ Ազգային ժողովի ցրում, քանի որ, եթե Կառավարությունը փոխվի, բայց այս ԱԺ-ն մնա նրա կազմում՝ ոչինչ չի փոխվելու: Իրականում այդ դեպքում նույն թիմն է լինելու, հիմա ի՞նչ տարբերություն՝ Նիկոլ Փաշինյա՞նը լինի վարչապետ, թե՞ Տիգրան Ավինյանը կամ Արարատ Միրզոյանը, կարծում եմ՝ որևէ տարբերություն չի լինելու: Այդ պահանջը՝ Կառավարության հրաժարականը, անիմաստ է: Հաշվի առնելով այն հողը, որը կա հանրության շրջանում, այն վերաբերմունքն իշխանությանը և վարչապետին, չեմ կարծում, որ հիմա դրա հողը կա: Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունը կարող է հանրային աջակցություն ստանալ: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել՝ ցույց տալու իրական այլընտրանք, թե ինչ կարող է լինել, ինչեր կարող են լինել: Դրանով հանրությանը ցույց տալու, որ Կառավարությունը բոլոր ոլորտներում տապալել է:
– Այսինքն՝ այս պահին վարչապետի հրաժարական պահանջելը ճիշտ չէ՞:
– Կարծում եմ՝ այո, դրա հողը չկա ուղղակի, այդ գործընթացն ուղղակի դատապարտված է ձախողման:
– Իսկ եթե իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողե՞լ է:
– Բայց դա պետք է ցույց տալ հանրությանը, որը դեռ չի գիտակցում, մենք ամբողջ ամառ գնացինք տարբեր գյուղեր, մարդը չի ուզում խաբված լինել, նա ուզում է անընդհատ արդարացնել, որ սպասումները կլինեն, խաբված չլինելու համար նրանք փորձում են արդարացնել իշխանությանը: Մեր և բոլոր ընդդիմադիրների խնդիրն է՝ ցույց տալ այդ ձախողումները և ցույց տալ հիմնավոր՝ փաստերով, և դրանով ցույց տալով, որ նրանց հեռանալու ժամանակը մոտենում է:
– Դուք իրատեսակա՞ն եք համարում, որ իշխանությունն ինքնակամ կգնա:
– Չասացի, որ ինքնակամ կգնա, չեմ կարծում, որ նման բան կանի: Կան հաջորդ ընտրություններ, որոնք սարերի հետևում չեն, և քաղաքացին է որոշելու: Ժողովրդավարությունն այդպիսին է, գալիս են ուժեր, որոնք ասում են, թե սարերը կշարժեն, բայց քաղաքացու քվեն ստանալուց հետո գալիս-պառկում են սարերին ու դրանք չեն շարժում: Հաջորդ ընտրություններին քաղաքացին կընտրի, կարծում եմ՝ «Իմ քայլն» այլևս շանս չի ունենալու լինել իշխանություն: