«Տնից 6 հոգով գալիս՝ 1 հատ նասկի ու տրուսիկ են առնում երեխուն, ո՞նց վճարենք հարկերը». առևտրական

Հագուստ ներկրող տնտեսվարողներն այսօր առավոտյան կրկին բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց՝ ապրանքների մաքսազերծման կարգի փոփոխության դեմ:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով՝ Հայաստանում այսուհետև հագուստը մաքսազերծվելու է ոչ թե՝ կիլոգրամով, այլ՝ քանակով: Եթե նախկինում, օրինակ, հարևան երկրից ներկրված հագուստի 1 կիլոգրամի համար էին վճարում, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ից պետք է վճարեն բոլոր կտորների համար առանձին:

«Շատ ծանր վիճակ է, այսօր մարդը հազիվ սնունդի է հասցնում, չի էլ հասցնում նորմալ սնվի, բնականաբար, սա տանում է կործանման: Այսօր ազգի, եթե չասեմ՝ 50, 30 տոկոսը հաստատ առուծախով է զբաղվում, բիզնես չեմ ասում, որովհետև չեն թողնում աճենք, մենակ հարկերն ենք տալիս: Անկախ ամեն ինչից, մաքսազերծման գները դեռ պետք է իջնի էլ մի քիչ, որովհետև այսօր երկիրը փակ է, ճգնաժամի մեջ է, պանդեմիան շատ է ազդում բիզնեսի վրա, շուկաներում թող շրջեն, մարդ չկա»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նրա խոսքով՝ ինչքան ծանոթ բիզնեսով զբաղվող ունի, պարբերաբար զանգահարում են իրեն, հետաքրքրվում, թե արդյոք ընդհանուր հայտարարի գալի՞ս են իշխանությունների հետ, եթե ոչ, ապա նրանք ևս միանալու են բողոքի ակցիային:

Առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ այսօր, երբ առևտուրն այնքան էլ լավ վիճակում չէ, ամիսներ շարունակ, համավարակով պայմանավորված՝ չեն աշխատել, նման որոշում չպետք է կայացվեր:

«5300 դոլարի ապրանքի մաքսազերծման համար պետք է 4000 դոլար վճարենք, եռակի թանկացրել են, որտեղի՞ց այդքան գումար, եթե առևտուր չկա, մարդ չկա, ժողովուրդը ճգնաժամի մեջ է, սեպտեմբեր է, նայում եք՝ շուկաները դատարկ, եկողն էլ մի հատ նասկի ու տրուսիկ է առնում երեխուն, տնից 6 հոգով գալիս են. ո՞նց վճարենք հարկերը»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նրանց խոսքով, եթե կառավարությունը փոխզիջման չգնա, բազմաթիվ տնտեսվարողներ դադարելու են առևտրով զբաղվել, խանութներ են փակվելու, աշխատատեղեր են կրճատվելու.

«Փակվելու է, որովհետև գումար չկա, ո՞վ է առնելու, եթե այսօր 3000 դրամն ափսոսում են բլուզն առնելու համար, ո՞վ պետք է 8000 դրամ տա՝ բլուզ առնի, ոչ մեկի ձեռքն էլ փող չկա, ժողովուրդն ահավոր վիճակի մեջ է, ու իրենք այս վիճակում թանկացնում են, ինչի՞ համար: Մի հատ ժողովրդի մասին թող մտածեն, 90 տոկոսն առևտրով է ապրում, կործանվում է Հայաստանը, եկանք ընտրեցինք, որ սենց լինի՞»:

Քաղաքացիների խոսքով՝ 3 հոգանոց խմբով հանդիպել են վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ, որը խոստացել է վերանայել փոփոխությունը, և պահպանելով հատով մաքսազերծումը՝ վերանայեն գները, որպեսզի նախկին կիլոգրամով մաքսազերծման գներից բարձր չլինի: Առևտրականներից մի քանիսը շտապեցին Արարատյան մաքսատուն իրենց ապրանքները մաքսազերծելու, եթե գնային տարբերությունը կրկին մեծ լինի, խոստացան վաղն ավելի մեծ թվով մարդկանցով հավաքվել կառավարության դիմաց:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը նախ՝ բարձրացրել էին կառավարության շենքի դիմաց, այնուհետև՝ Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց, այնտեղից կոմիտեի նախագահի խոսնակը նրանց ուղղորդեց Արարատյան մաքսատուն: Այնտեղ քաղաքացիների հետ հանդիպել էր ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տնտեսվարողների հետ միասին հաշվարկել են, որ գների բարձրացումը մոտավորապես 1.5-2 անգամ է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս