Բաժիններ՝

Ֆրենսիս Ֆորդ Քոպոլան կվերաթողարկի «Կնքահայր 3»-ը

Ֆրենսիս Ֆորդ Քոպոլան հայտարարել է, որ աշխատում է «Կնքահայր 3»-ի նոր տարբերակի վրա, որը, նրա խոսքով, կլինի եռերգության «ավելի հարմար ավարտը»: Այդ մասին հաղորդել է Deadline-ը: Կինոնկարը կոչվելու է «Կնքահայր Մարիո Պյուզո: Վերջերգ. Մայքլ Կոռլեոնեի մահը»:

Քոպոլան ինքը, որը վաղուց էր ցանկանում վերափոխել երրորդ մասը, պարզաբանել է, որ այս տարբերակն իրեն ավելի շատ է դուր գալիս, եւ այն ավելի շատ է համապատասխանում Մարիո Պյուզոյի հետ իրենց տեսլականին:

«Կնքահայր 3»-ը թողարկվել է 1990 թվականին՝ դեռ գրողի կյանքի օրոք, եւ ստեղծվել է նրա սցենարով:

«Եզրափակիչի այս տարբերակի համար ես նոր սկիզբ եւ վերջ եմ ստեղծել, փոխել եմ առանձին տեսարանների ու կադրերի տեղերը եւ թրեքները: Այսպիսի փոփոխություններով եւ տեսա ու ձայնա ռեստավրացիայից հետո այս տարբերակը, ինձ թվում է, լավագույն վերջնամասն է «Կնքահայր» եւ «Կնքահայր 2» ֆիլմերի համար, ճշտել է նա՝ շնորհակալություն հայտնելով Paramount ստուդիային, որը նրան հնարավորություն է տվել վերաթողարկել ֆիլմը:

Երրորդ մասը հանդիսատեսների ու քննադատների կողմից զուսպ արձագանքների է արժանացել առաջին երկուսի համեմատությամբ, որոնք համարվում են ամերիկյան կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմերից մեկը: Այնուամենայնիվ, այն ստացել է «Օսկար»-ի յոթ անվանակարգ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսոր» կատեգորիաներում: Ենթադրվում է, որ նոր «Կնքահայր 3»-ը սահմանափակ վարձույթով կթողարկվի դեկտեմբերին՝ նախորդ սերիայի թողարկման 30-ամյակի կապակցությամբ, այնուհետեւ կհայտնվի թվային հարթակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս