Բաժիններ՝

«Եթե դիմում են՝ գումար են մեզ հատկացնում, հետո չեն լսում՝ այդ ամենը քանի կոպեկ արժե». Բարդուխ Գաբրիելյանը՝ Կառավարության ընդունած որոշման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝  Սևանում  ձկնորսության վերաբերյալ առաջարկին Կառավարությունը դրական եզրակացություն է տվել։

«Ինչպես արդեն տեղեկացրել էի, արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր մարզի ձկնորսների կողմից բարձրացված խնդիրների և առաջարկների հետքերով գնալով՝ պաշտոնական գրություն էի ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ ներկայացնելով ձկնորսների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկելով վերանայել պայմանագրերի ժամկետները, ձկնորսներին ոչ թե մեկ, այլ տարբեր տեղերից մուտք գործելու հնարավորություն տալ, վերանայել ցանցի չափը, որը թույլ չի տալիս վերահսկել որսած ձկների քաշը:
Այսպիսով՝ ներկայացնում եմ ձկնորսների բարձրացրած խնդիրների վերաբերյալ իմ ներկայացրած առաջարկների բովանդակությանը վերաբերող այն փոփոխությունները, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության N 1420 – Ն և N 1421 – Լ որոշումներով:

– Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) այսուհետև կլինի ոչ թե 200, այլ 300 տոննա,

– Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար՝ 400 գրամից ոչ պակաս՝ նախկին 500-ի փոխարեն,

– Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա՝ նախկինում Մեծ Սևանի փոխարեն,

– Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ   ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս,

– Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ (նախկին հոկտեմբերի 1-ի փոխարեն):

Շնորհակալություն Կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսներին ընդառաջելու համար»,- առաջարկն ընդունելու կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Թագուհի Թովմասյանը։

168.am հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ այս որոշումն ընդունելուց հետո,  Սևանա լճում ձկան պաշարների հետ կապված կառաջանան մեծ խնդիրներ, քանի որ ձկնապաշարը, մասնավորապես՝ սիգի, պետք է դիտել՝ որպես էկոհամակարգի վերին օղակ, որն ազդում է  մյուս օղակների վրա։

Նա տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունից այս հարցի հետ կապված վերջերս ինստիտուտին դիմել են՝ կարծիքի համար, կարծիքը լսել են, բայց չեն ընդունել։

«Մեզ դիմեցին և ներկայացրեցին փոփոխությունների 4 կետ։ Առաջինն այն է, որ նախկինում մենք առաջարկել էինք որս իրականացնել միայն մեծ Սևանում, սակայն մեզ խնդրեցին, որ թույլատրենք նաև փոքր Սևանում։ Բացատրում էին, որ ձկնորսներին ձեռնտու չէ փոքր Սևանից հասնել մեծ Սևան և ձկնորսությամբ զբաղվել։ Մենք սրան մեր համաձայնությունը տվեցինք, որովհետև այս սեզոնին կարևոր չէ՝ որսը փոքրո՞ւմ, թե՞ մեծում կանեն։ Երկրորդ հարցն այն էր, որ հիմնականում թույլատրվի որսալ նաև 500 գրամից ցածր ձուկը։ Այս երկու հարցերին մենք համաձայնություն տվեցինք, սակայն երրորդ և չորրորդ հարցերին համաձայնություն չտվեցինք՝ որսի քանակի և ժամկետների  մասով էր»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

Ըստ նրա, ինստիտուտն առաջարկել է որսալ մինչև 200 տոննա ձուկ և որսը սկսել մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Նման առաջարկ են արել, քանի որ 200 տոննան օդից վերցված թիվ չէ, այլ հիմնավորված է, որը կազմում է  արդյունագործական որսի 20-25 տոկոսը։

«Սակայն մեզ չլսեցին, ավելացրեցին՝ 300 տոննա դարձրեցին, իսկ որսի ժամկետները՝ մինչև նոյեմբերի վերջ։ Հատկապես ժամկետների հետ կապված այս  ամենն անթույլատրելի էր, մենք ասել էինք, որ չթույլատրել որսալ նախաձվադրող և ձվադրող սիգի պաշարները։ Մեզ չլսեցին, և պատճառը չգիտեմ, սա համարում եմ, որ սխալ մոտեցում է, քանի որ, եթե ցանկանում են ժողովրդի մասին մտածել, ոչ թե պետք է այդ ճանապարհով գնան, այլ պետք է ստեղծել սոցիալ-տնտեսական պայմաններ, որպեսզի նրանք այլ աղբյուրներից եկամուտներ ունենան»,- նշեց Բ. Գաբրիելյանը։

Հարցին՝ այդ դեպքում ո՞րն էր դիմելու իմաստը, եթե պետք է ինստիտուտի կարծիքը հաշվի չառնեին, Բարդուխ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե նախարարը դիմում է  մեզ, որ մենք հանդիսանալով իրենց պաշտոնական խորհրդատուն՝ ի դեմս ինստիտուտի, նույնիսկ մեզ գումար են տալիս, քանի որ մենք բոլոր ուսումնասիրությունները կատարում ենք հենց իրենց պատվերով, հետո չեն լսում՝ իմաստը որն է։ Կրկնում եմ՝ եթե դիմում են, գումար են մեզ հատկացում, հետո մեզ չեն լսում՝ այդ ամենը քանի՞ կոպեկ արժե»։

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ, բացի իրենց ինստիտուտից, այլ կենտրոն ձկնապաշարների ուսումնասիրություն չի անում, և այդ ամենն անում են ռուս գործընկերների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս