«Մենք օրենքի մեկ դրույթով ենք ուզում կարգավորել այն, ինչը համարվում է անթույլատրելի». Բաբկեն Պիպոյան
Սեպտեմբերի 7-ին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի, Արփի Դավոյանի, Սերգեյ Ատոմյանի և Կորյուն Մկրտչյանի ներկայացրած օրենքի նախագիծը՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ։
Նախագիծը վերաբերում է կեղծ սննդամթերք արտադրելու կամ այն իրացնելու համար նախատեսված պատժամիջոցներին ու տուգանքներին։
Նախագծի հեղինակներից Արթուր Դավթյանի խոսքով՝ նախատեսված հոդվածը, որը պետք է ներառվի Քրեական օրենսգրքում, բխում է նաև վերջերս Արմավիրի մարզում տեղի ունեցած ալկոհոլից թունավորման դեպքից։
Նշենք, որ նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այն քննարկել են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ, և արդյո՞ք նրանց կողմից ստացել են որևէ առաջարկ։
Պատասխանելով՝ Արթուր Դավթյանն ասաց, որ նախագիծը բավականին երկար ժամանակ եղել է շրջանառության մեջ, և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հնարավորություն ունեին ուսումնասիրել և առաջարկներ անել, սակայն մինչև այժմ որևէ առաջարկ չի ստացել։
Քննարկելով նախագիծը, հանձնաժողովի անդամները եկան այն եզրակացության, որ նախագիծը չեն ընդունի, այն պետք է լրամշակվի և կրկին դրվի քննարկման։
168.am-ն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ծանոթացել է նախագծին, ի՞նչ դիտարկումներ ունի, և նախագծի հետ կապված արդյո՞ք ՀԿ-ն առաջարկներ ներկայացրել է։
«Նախագծի քննարկմանը մասնակցելու համար ո՛չ հրավեր ենք ստացել, ո՛չ էլ, բնականաբար, կարծիք ենք հայտնել։ Նախագծի հետ կապված ընդհանուր տեսանկյունից որոշակի դրույթների հետ կապված ոչ միայն առարկություն չունեմ, այլև, եթե հետ գնանք և տեսնենք, որ 2011 թվականից, երբ պետական մարմնում էի աշխատում՝ խոսել եմ որոշակի դրույթներ քրեորեն պատժելի դարձնելու մասին։ Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ նախագծում որոշակի խնդիր տեսնում եմ, որովհետև սննդամթերքի կեղծումը և վտանգավոր սննդամթերքի թողարկումը պետք է հստակ տարանջատենք։ Երբ ապրանքը միտումնավոր կեղծվում է, այսինքն՝ համապատասխան ընթացակարգեր չի անցնում, և ապրանք, որն անցնում է այդ ընթացակարգերը, բայց այդուհանդերձ մարդու կյանքի և առողջության համար ունենում է վտանգավոր ազդեցություն։ Նման դեպքերը պետք է հստակ տարանջատենք։ Բայց, ըստ էության, մենք օրենքի մեկ դրույթով ենք ուզում կարգավորել այն, ինչը համարվում է անթույլատրելի։ Երկրորդը, որը համարում եմ թույլ սանկցիա, դա մարդկանց կյանքին և առողջությանը հասցված միաժամանակ կեղծ սննդամթերքի թողարկման պարագայում կամ վարչական, կամ քրեական պատասխանատվությունն է։ Սա կրկին անթույլատրելի է, քանի որ, եթե ապրանքը, բավական չէ, կեղծ է և մարդու կյանքի և առողջության վրա ունեցել է բացասական ազդեցություն, ապա այստեղ վարչականի մասին խոսք լինել չի կարող, պետք է պարտադիր լինի քրեական պատասխանատվություն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ նախագծում անհամաչափ է համարում սանկցիան, որը սահմանված է անզգուշությամբ մահվան պատճառ դառնալու մասով, քանի որ, եթե մարդն ապրանքը կեղծել է, և այն դարձել է մահվան պատճառ, բնականաբար, 3-5 տարի ազատազրկումը, կարելի է ասել, սանկցիա չնախատեսելու հաշիվ է։
Հարցին՝ այս դիտարկումները պատրաստվո՞ւմ է ներկայացնել նախագծի հեղինակներին, քանի որ հանձնաժողովում նշվեց, որ ՀԿ-ները նախագծի հետ կապված որևէ առաջարկ չեն հնչեցրել, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, թե երբ խոսում են կայացած ՀԿ-ների մասին, պետք է մոտավորապես հասկանան ու պատկերացնեն նրանց ծանրաբեռնվածությունը և քովիդային իրավիճակում առանձին մոնիտորինգները։
«Եթե առանձին անդրադարձ ենք անում, ապա առանձին եկեք հիշատակենք, որ առանձին որևէ մեկը գրավոր կարծիք չի հայտնել։ Մենք ունենք նախագծեր, որոնց դեպքում լիազոր մարմինը կամ նախաձեռնող խմբերը գրավոր խնդրել են կարծիք տանք։ Գուցե մեր թերացումը կա, որ մենք չենք տեսել, որպեսզի կարծիք հայտնեինք»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը։
Հաջորդ հարցին՝ նախագիծն ընդունելուց հետո հնարավոր կլինի՞ խուսափել կեղծ սննդամթերքից, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ կա Քրեական օրենսգիրք, որը պատիժ է սահմանում տարբեր հանցագործությունների համար՝ գողությունից մինչև մարդասպանություն։
«Ունենք օրենք և այն ապահովող լիազոր մարմիններ, և ունենք հանցագործություն կատարող անձինք, ովքեր պատժվում են։ Բայց այլ հարց է, որ, եթե մենք ավելի խիստ սանկցիաներ ենք անում, դա կարող է կանխարգելել և կանխարգելիչ էֆեկտ ունենալ։ Ինչ վերաբերում է այն սանկցիաներին, որոնք սահմանված են նախագծով՝ ավելի խիստ սանկցիաներ պետք է սահմանել, ինչի մասին խոսել ենք շատ եկար տարիներ։ Նախագծի հեղինակներին խորհուրդ կտամ նմանատիպ նախագծերի հետ կապված փոքր հանրային քննարկումներ հրավիրեն, հատկապես, երբ կարծում են, որ կան ՀԿ-ներ, որոնք կարող են իրենց կարծիքը հայտնել, գոնե չզլանան այդ կարծիքը հարցնել»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։