
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ

«Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ Փարիզի 17-րդ շրջանում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ցուցարարների ակցիան սկզբնական շրջանում հանդարտ է ընթացել, սակայն ինչ-որ պահի ակցիային են միացել ագրեսիվ տրամադրվածությամբ անձինք: Նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և աղբամաններ հրկիզել: Ի պատասխան, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել անկարգություններ հրահրողների ուղղությամբ:
Ոստիկանության տվյալներով 128 մարդ է բերման ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցեր են նախատեսված նաև Փարիզի այլ շրջաններում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում:
«Դեղին բաճկոնների» շարժումը սկսվել է շուրջ 2 տարի առաջ` 2018թ. նոյեմբերի 17-ին: Սկզբնական շրջանում ցուցարարները պայքարում էին վառելիքի հարկի բարձրացման դեմ, հետո դրան միացան նաև մի շարք այլ պահանջներ: