Բաժիններ՝

Այնպես են անելու, որ ռուսները Հայաստանից այլևս նոր մեքենա չգնեն. ավտոներկրող

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին  հանձնարարել է ապահովել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված և Ռուսաստան ներմուծված մեքենաների հետ կապված խնդրի լուծման միջոցառումների շարք, տեղեկանում ենք ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև, հանձնարարվել է Հայաստանին և Ղրղըզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ:

«Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանում անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Հայաստանից և Ղրղըզստանից, որոնք  ներմուծվել են մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափով, քան գործող ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։ Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց: Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ վճարվող լրացուցիչ տուրքերի չափի մասին»,- ասված է ԵՏՀ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանի խոսքով՝ սա ոչ թե լուծում է, այլ լուծման ցուցում: Լուծումը պետք է ընդունի ԵԱՏՄ հանձնաժողովը:

«Լուծման ցուցման մեջ ռուսերեն լեզվով պարզ գրված է՝ սահմանափակել առաջին հերթին՝ Հայաստանից եկող մեքենաները, երկրորդ հերթին՝ այն մեքենաները, որոնք  արդեն գտնվում են Ռուսաստանում՝ մաքսազերծել: Այսինքն, լուծում չկա: Եթե այս ցուցման հիման վրա որոշում ընդունվեց՝ այնպես են անելու, որ ռուսները Հայաստանից այլևս նոր մեքենա չգնեն: Հայաստանի թասիբը Ռուսաստանում պահող չեմ տեսնում, ոչ էլ քայլեր է արվում ի նպաս մեր քաղաքացիների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս