«Էն ժամանակ, երբ հայտարարեցին, որ Հայաստանը «ուժե» վերջն ա, ծաղկել ա, ժողովուրդ ջան, եկեք, ընկերս եկավ Հայաստան, սաղ փողերը վարի տվեց, նորից գնաց ՌԴ, որ զրոյից սկսի»

Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներ Ֆենա Սիմոնյանը և Տարոն Հարոյանը վստահեցնում են՝ չեն դադարեցնելու իրենց բողոքի ակցիաները՝ մինչև իրենց խնդրին լուծում չտրվի:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Ֆենա Սիմոնյանն ասաց, որ արդեն 8 տարի է՝ աշխատում է Մոսկվայում, Հայաստան եկել է այս տարվա փետրվարի վերջին և արտակարգ դրության պատճառով մնացել Հայաստանում. «Հիմա չկա աշխատանք, իմ աշխատանքը Ռուսաստանում էր: Գոնե մեր կառավարությունը ինչ-որ մի բան աներ, աջակցեր մեզ: Ես չեմ էլ փորձել դիմել կառավարության աջակցության ծրագրերին, որովհետև ավելի կարիքավոր ընտանիքներ էլ կան, բայց այնպես չէ, որ միայն իմ խնդիրն է. սա գլոբալ խնդիր է: Մարդիկ վարձով են ապրում, երեխաները դպրոց պետք է գնան, մարդիկ բիզնեսներ ունեն, գոնե կառավարությունն ինչ-որ մի բան անի»:

Տարոն Հարոյանը, 12 տարի է՝ ապրում է Մոսկվայում, զբաղվում է շինարարությամբ. «Այս տարի հունվարին եկել եմ Հայաստան՝ վիզան երկարացնելու, ու մնացել այստեղ: Հիմա մեր կառավարությունից պահանջում ենք մեզ հստակ ասել՝ կա՛մ բացում են, կա՛մ չեն բացում, կա՛մ կոնկրետ երբ են բացում: Փետրվար-մարտից է կորոնավիրուսը սկսվել, իրենք ամեն ամիս ասում են՝ ամսի 12-ից բացելու ենք, էս ամիս բացելու ենք: Այդպես անցել է 6 ամիս, մարդիկ տան վարձ են տվել, ապրել են, էլ ոչ մի տիպի հնարավորություն չունեն»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ Հայաստանը սահմանները բացել է, և, որ խնդիրը Ռուսաստանի սահմանած կանոններն են, այստեղ իրենք ոչինչ չեն կարող անել, Տարոն Հարոյանն այսպես արձագանքեց.

«Էդ ո՞ր մի իշխանն է ասել: Մի հատ արտգործնախարար է եկել, էն էլ ղժղժաց՝ գնացեք: Էդ քաղաքացուն պատասխանելու ձև չի, որ արտգործնախարարը գալիս-ղժղժում է՝ գնացեք: Ո՞ւր գնամ, բացե՞լ եք, որ գնամ, բանակցե՞լ եք, որ գնամ: Չի գալիս պատասխանում քաղաքացուն, որ քաղաքացին հասկանա՝ բանակցե՞լ ես, բանակցությունները ո՞ր փուլում է, կամ էլ չի բացվելու»:

Հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն է ակցիայի մասնակիցների հետ հանդիպել, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է նրանց հետ հանդիպել, արդյունք չի՞ եղել այդ հանդիպումներից, Տարոն Հարոյանը պատասխանեց.

«Ոչ մի արդյունք: Անուն-ազգանուններն են վերցրել՝ ակցիայի մասնակիցներին ցրելու համար, բայց ոչ մեկին չեն զանգել: Տեսեք՝ մարդն ընտանիքով եկել է Հայաստան՝ վիզա խփելու, չի իմացել, որ գալու է Հայաստան՝ այստեղ կորոնա լինի, Սոչիում ունի 5 հատ «տոչկա»՝ ապրանքներն էլ՝ մեջը, 5 «տոչկեն» վարի ա գնացել: Մեզ գիտե՞ք՝ ոնց է պետք տեղյակ պահեն. Ոչ թե ասեն՝ ամսի 15-ին բացվում է, ամսի 14-ին Արսեն Թորոսյանը հեռվից գա, որ հես ա էլի կորոնա ա, էլի 300-400 հոգի են, Տիգրան Ավինյանը հաստատի, Նիկոլ Փաշինյանն էլ պեչատի, որ՝ վսյո, գնաց, 6 ամիս էլ է երկարաձգվում. Էդպես պետք չի մեզ պատասխանեն: Մեզ կոնկրետ մարդ ա պետք, որ ասի՝ գնացեք ձեր տները, ոնց ուզում եք՝ ապրեք, բացվում է 1 տարուց, մենք ոչ գանք, ոչ հավաքվենք, գնանք գործ ճարենք, աշխատենք, ոչ թե ասեն՝ 15 օրից բացվում ա, մենք գնանք էս ամիս վարձի «տասովկա» տենանք, բերենք վարձը տանք, գա էդ օրը՝ չբացվի, նորից վարձի «դվիժենի» անենք»:

Մեր զրուցակիցների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ չի հանդիպում, որովհետև պատասխան չունի: «Մենք բոլորս կարծում ենք, որ, եթե պատասխան ունենար, կհանրայնացնեին»,- նկատեց Ֆենա Սիմոնյանը:

Հետաքրքրվեցին՝ իշխանության ներկայացուցիչները նրանց առաջարկում են տեղափոխվել Հայաստան, իրենց ընտանիքներին էլ բերել, չե՞ն մտածել Հայաստան տեղափոխվելու մասին:

«Ուրեմն՝ էն ժամանակ, երբ հայտարարեցին, որ Հայաստանը «ուժե» վերջն ա, ծաղկել ա, ժողովուրդ ջան, եկեք, իմ ընկերը ՌԴ-ում ֆիրմա ուներ, տենդեր էր խաղում, շահում էր, գործեր էր անում: Իր երեխեքն էնտեղ դպրոց էին գնում, հայկական համարներով ավտոներ ուներ: Էս իմ ընկերն ընտանիքին վերցրեց, եկավ Հայաստան՝ ֆիրմա բացեց, որ շինարարություն անի: Մարդը գնաց, տենդերներին մասնակցեց, մարդուն ասին՝ էս մանկապարտեզը, որ դու սարքում ես, գործը եթե բռնում ա 100 հազար դոլար, դու պետք ա քո հաշվեհամարին ունենաս 100 հազար դոլար, որ էդ գործը դու շահես, էդ գործը անես, եթե չէ, փողը մնում է կալանքի տակ: Էս մարդն ընտանիքը թողել է ստեղ, նորից իր «Ֆորդ»-ով հետ է գնացել Մոսկվա, որ էնտեղ գործ դնի նորից:

Ես ընտանիք չունեմ, եթե ունենայի, հաստատ չէի բերի Հայաստան, նույն կարգավիճակում էլ ես պետք ա հայտնվեի: Էդ մարդը եկել է ստեղ, իր ավտոները ծախել՝ վարձ է տվել, մի կերպ իր «Ֆորդ»-ով գնաց, ընտանիքն էլ ստեղ է, մինչև բացվի՝ ընտանիքին էլ տանի: Եկավ՝ սաղ փողերը ստեղ վարի տվեց, գնաց էնտեղ, նորից զրոյից սկսում է: Էդ մարդն էնտեղ 15 տարի վիզ էր դրել, որ հասել էր դրան, հիմա նորից 15 տարի պետք ա «բուքսավատ» անի, որ հասնի էդ նույն կարգավիճակին»,- ի պատասխան՝ ասաց Տարոն Հարոյանը:

Ֆենա Սիմոնյանը նշեց, որ ինքը ևս չի ցանկանում Հայաստան տեղափոխվել, քանի որ աշխատանք գտնելը բարդ է. «Նախ՝ տարիքային սահմանափակում կա, էստեղ անգամ 40 տարեկանին աշխատանքի չեն ընդունում: Մենք բոլորս այդ մասին շատ լավ տեղեկացված ենք: Շատ լավ տեղյակ ենք՝ ինչ է կատարվում: Մարդիկ երեխաների հետ չգիտեն՝ ինչ անել: Երկար ժամանակ է՝ աշխատում են, տուն են դրել, հիմա եկել են էստեղ՝ համ էնտեղի վարձն են ուղարկում, այստեղ էլ նորից վարձ են տալիս: Ահավոր վիճակ է: Կառավարությունը պետք է ինչ-որ լուծում տա: Եթե ուզում ես հարևանի տուն մտնել, դուռը թակում ես, չէ՞, բնականաբար. եթե այդ դուռը թակող լիներ, դուռը կբացեին: Ասածս այն է, որ քայլեր չեն անում: 99 տոկոսով համոզված ենք, որ չեն բանակցում, եթե դրա պատասխանն ունենային, ողջ հեռուստատեսությունը ողողված կլիներ նման նյութերով»:

Տարոն Հարոյանը ընդգծեց, որ երբևէ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու ցանկություն չի ունեցել, բայց հիմա արդեն նման ցանկություն ունի. «Հիմա հաստատ ուզում եմ»:

Խոսելով հետագա քայլերի մասին՝ մեր զրուցակիցներն ասացին, որ մինչև վերջ գնալու են:

«Մեր հարցը միայն Նիկոլ Փաշինյանը կարա լուծի, մեր արտգործնախարարը կյանքում էս հարցը չի կարա լուծի: Եթե ինքը նորից պետք է գա, ասի՝ բաց ա, գնացեք, էդպես երբեք չի կարող լինել: Ինքը պետք է բանակցի, բացի, նոր ասի՝ գնացեք, ոչ թե՝ ոչ բանակցի, ոչ բացի, կաբինետում նստի՝ կոֆե խմի, իջնի ժողովրդին ասի՝ գնացեք, այդպես չի լինում»,- նկատեց Տարոն Հարոյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս