Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Ալեքսանյանի համատեղ բիզնեսը

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով և ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները և այլն։

Չարամիտ մամուլն օրեր շարունակ գրում է, որ օրենքի այս փոփոխությունը կատարվում է հանուն նախկին չար օլիգարխ, ներկայումս՝ բարի խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի, ով, ի թիվս այլ մենաշնորհների, Հայաստանում գրեթե մենաշնորհային հիմունքներով տեքստիլի արտադրության և իրացման ցանց ունի։

Առաջին հայացքից այս փոքր իրադարձությունն իրականում բացահայտում է Հայաստանի գործող իշխանության ներքին տրամաբանությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական-քաղաքակրթական-աշխարհայացքային դեմքը։

2018 թվականի հեղափոխությունը նաև օլիգարխիայի դեմ էր, Նիկոլ Փաշինյանն էլ, բացի իշխանությունից, ըստ իր հայտարարությունների, պայքարում էր նույն օլիգարխների դեմ։ Իշխանության գալուց կարճ ժամանակ անց, սակայն, նա հայտարարեց, որ Հայաստանում այլևս չկան օլիգարխներ, նրանց փոխարինելու են եկել բարեհունչ «խոշոր սեփականատերերը»։ Այս լիրիկական բառախաղի հիմքում իրականում ընկած էր Հայաստանում տասնամյակներ գործող տնտեսաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը։ Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե օլիգարխների դեմ, այլ հանուն օլիգարխների սեփականացման։

Փաշինյանական օլիգարխների քասթինգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց նախկին օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը, ով, սեփական սկզբունքներին, իսկ ավելի ճիշտ՝ անսկզբունքայնությանը հավատարիմ՝ ընդունեց Փաշինյանի գերակայությունն ու խաղի կանոնները՝ դառնալով իշխանության թիվ մեկ սիրելի օլիգարխը։

Գործարքը շատ պարզ էր՝ Ալեքսանյանը դարձավ իշխանության ֆավորիտը, փոխարենը՝ մասնաբաժին ստանալով իշխանության մեջ։ Մասնաբաժին, որն արտահայտվում է նաև վերը նշված օրենքների, նրա բիզնեսի շահերից բխող այլ պետական միջամտությունների տեսքով։

Իրականության մեջ մենք ականատես ենք լինում իշխանություն-օլիգարխիայի նոր սիմբիոզի՝ Ալեքսանյանն իշխանության մասնաբաժնի դիմաց կատարում է պայմանական «վճարումներ» (ամենևին պարտադիր չէ, որ դա լինի կանխիկ գումարի տեսքով, վճարման արտահայտչամիջոցները կարող են դրսևորվել ամենատարբեր երևույթների տեսքով, ինչպես, օրինակ՝ Փաշինյանի ազգականին պատգամավոր դարձնելու համար ձայներ գնելը), ինչի դիմաց ստանում է պետական արտոնություններ։ Այսինքն՝ ոչ թե ձևաչափային, այլ բովանդակային իմաստով Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը համատեղ բիզնես են հիմնադրել՝ առաջինը ներդրել է պետական լծակները, երկրորդը՝ փողը, որն աճում է նույն այդ պետական լծակների կիրառման շնորհիվ։

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք․ քանի որ Սամվել Ալեքսանյանն իր տեսակով մենաշնորհի սիրահար է, նա ձգտում է մենաշնորհ ունենալ բոլոր ոլորտներում ու բոլոր հարցերում, ինչի արդյունքում գործնականում մենաշնորհային կարգավիճակ է ստացել իշխանության ֆավորիտ օլիգարխը լինելու հարցում։ Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ օլիգարխն է, ում կիսաբանասեր Փաշինյանը՝ հանուն լեզվական գեղագիտության, քնքշորեն անվանում է խոշոր գործարար։ Բայց դրանից Ալեքսանյանի գերշահույթները ոչ միայն չեն նվազում, այլ աճում են երկրաչափական պրոգրեսիայով, նա վայելում է իշխանության թիվ մեկ փայատիրոջ պատվաբեր ու եկամտաբեր կարգավիճակը։ Այդ ընթացքում Փաշինյանը շարունակում է ասֆալտին պառկեցնել բոլոր նրանց, ովքեր չեն ընդունել իր օլիգարխը լինելու կանոնը և համարձակվում են անհամաձայնություն հայտնել իշխանությանը, կամ, որ ավելի անթույլատրելի է՝ քաղաքական հավակնություններ ներկայացնել։ Հանուն հպարտ քաղաքացիների ու հպարտներից ամենահպարտի՝ Սամվել Ալեքսանյանի։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս