«Ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության ներկայացրած օրենքի նախագծին։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ առաջարկն իր մեջ շատ մեծ լիցք է պարունակում, և դրա քննարկումը լինելու է բովանդակային և լուրջ։
«Եթե մենք գանք այն տրամաբանությանը, որ աշխարհի շատ երկրներ դա կիրառում են՝ սկսած Շվեյցարիայից, որտեղ ռեզերվիստների բանակ կա, ապա այն մեր բանակի կարողությունների ավելացման և կառավարելիության խնդիր է լուծում՝ հատկապես ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տիրույթում։ Կարծում եմ՝ արդեն քննարկման ընթացքում կանդրադառնանք բոլորիդ բարձրացրած հարցերին։ Այսօր այդ գաղափարը դրված է շրջանառության մեջ, ինքս համարում եմ սա կարևոր գաղափար։ Աշխարհազորը դիտեք՝ որպես բանակի ռեզերվ, ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրն ունենալու է, ըստ նախատեսված օրենսդրական կարգավորման, իր չափաբաժինը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով ապրիլյան քառօրյայի հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատանքների զեկույցին, Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այս պահին շատ ակտիվ ընթանում են ամփոփման աշխատանքները, և այս ամսվա ընթացքում զեկույցը, որը շատ ծավալուն է, ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի դրա հետագա ճակատագիրն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ դրվի ընթացքի մեջ։
«Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց և նման տիրույթներ, որը, ըստ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի՝ հնարավորություն կտրվի հասարակությանը, ԱԺ պատգամավորներին և անվտանգության մարմնի ներկայացուցիչներին՝ դրան տեղեկանալու։ Մեկ բան կարող եմ ասել, ինչպիսի պետական գաղտնիքի տիրույթում լինի, անպայման ամեն ինչ անելու եմ, որպեսզի զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին»,- շեշտեց Ա. Քոչարյանը։
Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի համակիրներից մեկի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի՝ իր ձեռքի տակ են հայտնվել ապրիլյան հանձնաժողովի աշխատանքներից արձանագրություններ, որտեղ նշված է, որ հերքվել է այն, որ տանկերի մեջ բենզին չի եղել, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ արձանագրությունը համար 1-ը ինքն էր դրել շրջանառության մեջ, որտեղ եղել է 6 կետ։
«Հիշեցնեմ, որ ես իմ վերջին հարցազրույցում անդրադարձել էի դրան, հատկապես պարոն Սերժ Սարգսյանի բոլորիդ հայտնի ասուլիսից հետո։ Իմ շրջաբերականը, որը հայտնի է եղել հանձնաժողովի անդամներին, նշված է եղել, թե որ հարցերի պատասխանները մենք պետք է գտնեինք մեր ուսումնասիրության արդյունքում՝ մենք հաղթե՞լ ենք, թե՞ չենք հաղթել, և այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է տանկերում բենզինի լինել–չլինելուն, ապա մեր արձանագրությունների մեջ նման բան չի կարող լինել։ Հանձնաժողովի նիստերից մեկի ավարտից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, Լևոն Մնացականյանին և դիրքերում այդ ժամանակ ծառայություն տարած շարքային զինվորականներին լսելուց և բոլոր փաստերը համադրելուց հետո, հանձնաժողովի անդամների և իմ այն հարցը եղել է, թե զինվորները փամփուշտ և սննդամթերք ունեցե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց Ա. Քոչարյանը։
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ Կարեն Կարապետյանը վառելիքի մասով արած արտահայտության ժամանակ վրիպել է, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանը ժամանակ չի՞ ունեցել Կարապետյանին ասելու, թե՝ «տղա ջան, ինչո՞ւ ես վրիպել, վարչապետը վրիպո՞ւմ է»։
«Ես էլ Կարեն Կարապետյանին հարցրել եմ՝ վրիպելը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ ոչ, որովհետև այդ վրիպումն ըստ էության շատ թանկ նստեց բանակի վրա, մանրամասներին չանդրադառնամ։ Ես ասել եմ, հանձնաժողովի անդամները նույնպես, որ ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել։ Սկզբնական փուլը դա այն մինիմալն է, որը դրված է դիրքերում, որ զինվորն ինչ-որ գործողություն հայտարարելուց հետո, պետք է սկսի այդ ամենը կիրառել՝ բացի փամփուշտը և սկսի կիրառել։ Այդ ժամանակահատվածին ինչքան է պետք, դա դուք կգտնեք, որովհետև եկել է մի պահ, երբ դիրքերից… որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ։ Ինչո՞ւ է այդպես եղել, հանձնաժողովի աշխատանքի արդյունքում մենք տալու ենք նաև բացատրություններ, թե որ դիրքերում ուշացան, ինչ հետևանքներ ունեցավ այդ ամենը, և այլն։ Շատ հարցերի պատասխաններ գտնելու եք, բայց եկեք ժամանակից շուտ ինձ մի խոսացրեք, որովհետև ես սպառեցի այն հարցի պատասխանը, որը շահարկվում է մինչև հիմա»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։



