«Չեմ գտնում՝ տարածաշրջանում այսօր այն վիճակն է, որ պետք է ներսում ինչ-որ խաղեր տանք». Սամվել Բաբայան
Անվտանգության խորհուրդը դա նախագահին կից մարմին է, որը կատարում է Նախագահի կարգադրությունները, ծրագրային ռազմավարությունը և որը հաստատվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք»-«Միասնական հայրենիք» համատեղ հուշագրով: Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը շեշտեց ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը՝ խոսելով իր ղեկավարած խորհրդի գործառույթների ընդլայնումից:
«Մեզ մոտ անընդհատ ներկայացնում ենք, որ Անվտանգության խորհուրդը երկրորդ իշխանություն է, դա չի կարող լինել: Ե՛վ օրենսդրորեն չի կարող լինել, և՛ ընդհանրապես դրա կարիքը չկա, որովհետև մենք համաձայնությամբ բոլոր հարցերը կարողանում ենք քննարկել, որոշումներ կայացնել և գնալ առաջ: Մենք այսօր այն վիճակում չենք, որ մեզ թույլ տանք նման շռայլություն՝ իրար հետ ինչ-որ մրցավազք մտնենք: Չեմ գտնում՝ տարածաշրջանում այսօր այն վիճակն է, որ պետք է ներսում ինչ-որ խաղեր տանք: Չի լինելու դա, մենք չենք գնում այդ ճանապարհով, այլ զուտ ծրագրային գործունեության, զարգացման, այն 2020-2025 թվականների ծրագրի իրականացման, որի մասին հուշագիր ենք ստորագրել: Դրա համար Նախագահի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներ, որտեղ մենք այսօր ծրագրեր ենք իրականացնում: Մեր Անվտանգության գրասենյակը համագործակցում է և՛ նախարարների, և՛ իրենց տեղակալների հետ: Հատուկ հանձնաժողով է ստեղծվել տեղակալների կողմից, որտեղ քննարկվում են բոլոր խնդիրները: Մենք պետք է կարողանանք մինչև նոր տարի այդ ծրագրերը ներկայացնել, որի հիմքն է հանդիսանում Ձեզ ներկայացվող բյուջեն, որ պարզ լինի՝ մեր պետությունն ի՞նչ ուղղությամբ է զարգանում տվյալ ոլորտներում՝ բժշկություն, կրթություն, բնապահպանություն և այլն, բոլոր ոլորտները»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը վստահեցրել էր՝ ԱԽ լիազորությունները չեն փոխվում:
«Այլ հարց է, թե որ մասով: Այն, որ լիազորություններն ընդլայնվել են, չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ նույն լիազորությունը, ինչ ունեցել է խորհուրդը նախկինում, պահպանվել է, որևէ բան չի ավելացել կամ պակասել: Այլ բան է, որ նույն լիազորությամբ մի շարք այլ գործառույթներ են ավելացել: Մասնավորապես, եթե նախկինում Անվտանգության խորհուրդը զբաղվում էր բացառապես ուժայիններով, այսօր գործառույթներն ընդլայնվել են, և ԱԽ-ն զբաղվելու է բոլոր ոլորտների ազգային անվտանգային հարցերով՝ լինի դա կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, տեղեկատվություն, արտադրական ենթակառուցվածքներ, ֆինանսներ, պետաիրավական համակարգ և այլն: Այսինքն՝ բոլոր ոլորտները: Կրկնում եմ՝ եթե նախկինում ԱԽ-ն առավելապես պաշտպանության հարցերով էր զբաղվում, այսօր, եթե ընդլայնվել են գործառույթները, և զբաղվելու է բոլոր ոլորտներով, կնշանակի, որ կառույցն աշխատակազմն ընդլայնելու խնդիր է ունենալու: Նախկինում եղել է ԱԽ աշխատանքների ապահովման բաժին, ուշադրություն դարձրեք անվանը, բայց երբեք այդ բաժինը չի զբաղվել ազգային-անվտանգային հայեցակարգերի, ոլորտային ռազմավարության մշակմամբ կամ փորձագիտական աշխատանքներով, այլ բացառապես քարտուղարության դեր է կատարել՝ իրականացնելով գործարավարություն, ոչ ավելին: Բայց եթե այսօր ԱԽ-ի առջև դրվել են այլ խնդիրներ, հետևաբար՝ խորհուրդը խնդիր ունի ընդլայնել իր աշխատակազմը: Եվ, այո՛, որակական և քանակական փոփոխություն է լինելու»,- մանրամասնել էր նա:
Հավելենք, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի նախագահությամբ ստեղծվել է պետական բյուջեի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի շրջանակում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պիտի առաջարկություններ ներկայացվեն պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի հաշվարկման գործող նորմատիվների վերանայման, հաստիքացուցակների կազմման սկզբունքների վերաբերյալ:
Արցախի պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը վստահեցրել է, որ խնդիրը զուտ կրճատումներ անելը չէ:
«Կա 5 տարվա ծրագիր, այդ նախարարությունը և իր թիմը պիտի հիմնավորի՝ տվյալ անձն իր թիմում ինչով է զբաղվելու, ինչ աշխատանքներ է տանելու, այսինքն, իր հինգժամյա ծանրաբեռնվածությունը ցույց տա: Եթե նախարարը դա չի կարողանում հիմնավորի, ապա ինքն իր ձեռքով պետք է ազատի այդ անձին: Այսինքն, չհավաքվենք թեյ խմելու: Եթե նախարարը չի կարողանում հիմնավորի՝ իր կադրը, տվյալ բաժինն ինչով է զբաղվում, քանի հոգի են»,- նշեց Բաբայանը:
Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Նախագահի ապարատի ուռճացում չի լինելու, և, որ բացառվում է՝ երկրում երկիշխանություն:



