«Դասականը կասեր՝ «տղե՛րք, իսկ մեզանից հարցրե՞լ եք, էս ընդհանրապես մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս». Տիգրան Վիրաբյան

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեմ է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու նախագծին, որն այսօր ներկայացվել է ավագանու քննարկմանը: Նրա խոսքով, չնայած կառույցն իր վերահսկողության տակ է գտնվում, սակայն ոչ ոք իրենցից չի հարցրել՝ կանոնադրության մեջ փոփոխություն կատարել պե՞տք է, թե՞ ոչ:

«Եթե դասականը լիներ, հիմա մեզ հետ ավագանու նիստին կասեր՝ «տղե՛րք, իսկ մեզանից հարցրե՞լ եք, էս ընդհանրապես մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս, բայց քանի որ, ցավոք սրտի, էստեղ չի, ես կասեմ, հարցրե՞լ եք՝ սա մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս: Մենք քննարկումների ժամանակ էլ ասել ենք, որ այն հավելյալ գործիքակազմը, որը փորձում են տրամադրել Կենդանաբանական այգուն, այգին այս պահին անհարժեշտությունը չունի: Ցանկացած այլ գործիքակազմ, որը կօգնի արդյունավետ կառավարմանը, մենք կընդունենք մեծ սիրով: Նախագիծը ոչնչով չի օգնելու Կենդանաբանական այգու կառավարմանը»,- ասաց Վիրաբյանը:

Նա նշեց, որ կան ոլորտներ, որոնք խորը մասնագիտական քննարկումներ են պահանջում, իսկ Կենդանաբանական այգու շուրջ աղմուկը, բողոքի ակցիաները նոր են խաղաղվել:

«Այն առաջարկությունները, որոնք ներկայացվում են մեզ, պետք է լինեն հիմնավոր, ուսումնասիրողները պետք է լինեն այն մարդիկ, ովքեր եղել են Կենդանաբանական այգու խնդիրներին մասնակից, և այդ մարդկանց կարծիքը պետք է լինի թղթի վրա, հիմնավոր: Բերեք ցանկացած գերատեսչություն, ես փորձեմ իմ տեսլականն ունենալ իր մասին, դա շատ հեշտ է, բայց արդյո՞ք այդ գերատեսչությունը կարող է աշխատել այդ տեսլականով, հարցրե՞լ եք՝ սա նպաստո՞ւմ է, օգնո՞ւմ է, թե՞ չէ»,- ասաց Վիրաբյանը:

Նախագծի հեղինակ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը նշեց, որ զավեշտալի է կարծել, թե կանոնադրության փոփոխությունից հետո բողոքի ակցիաները նորից կվերսկսվեն: Ավագանին ամեն դեպքում կողմ քվեարկեց նախագծին:

Տեսանյութեր

Լրահոս