«Խոստացել եք, խաբել եք երևանցիներին». Ավագանու ԲՀԿ անդամի նյարդերը տեղի տվեցին
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Կառավարման խորհուրդ, որի անդամները պետք է հավաքվեն ամիսը մեկ անգամ և իրականացնեն այգու տնօրենի աշխատանքի ընթացիկ վերահսկողություն:
Նախագծի հեղինակ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյան երկար ներկայացնում էր նախագիծը, ապա պատասխանում գործընկերների հարցերին, երբ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի նյարդերը տեղի տվեցին:
«Ես բազմիցս այցելել եմ Կենդանաբանական այգի, շատ լավ հիմա կառավարվում է, շատ լավ վիճակում է, պետք չի, որ դուք 40 րոպե բոլորին պատմեք, թե Կենդանաբանական այգին՝ սենց, խորհուրդ, բան․․․ Կուրացիա ունի, վարչություններ կան, ունի իրա կանոնադրությունը: Ես չտեսա, որ մի անգամ Դուք կամ Ձեր նման մտածող մարդիկ Վարդաշենի վթարային շենքը, 7 ամիս ա՝ ասում ենք՝ փլվում է մարդկանց գլխին, 5 րոպե գնաք, այցելեք այդ բնակիչներին, կենդանի մարդիկ, ովքեր ամեն րոպե սթրեսի մեջ ընկած՝ իրենց կյանքն են վտանգում:
Մի անգամ չգնացիք այդպիսի հարցերով երևանցիների կողքը կանգնեք: Իսկ Կենդանաբանական այգին, որ իր տրամաբանական առավոտը լույսը բացվում է, երեկոն արևը մայր է իջնում, իր բնականոն հունով աշխատում է, 40 րոպե այդ մասին եք խոսում: Որքա՞ն կարելի է չարաշահեք մեր համբերությունը: Դուք խոստացել եք երևանցիներին, որ իրենց հարցերով կզբաղվեք, ե՞րբ եք մի անգամ գնացել, տեսել՝ մարդիկ ինչ վատ պայմաններում են: Մի օր կասե՞ք՝ ե՞րբ եք երևանցիների մասին մտածել: Խոստացել եք, խաբել եք ամբողջ երևանցիներին»,- ասաց Ներսիսյանը:
Արման Անտոնյանը պատասխանեց, որ գոնե իրեն նման բաներում մեղադրել չի կարելի, քանի որ ինքը, իր խոսքով, ցանկացած խնդրի կիզակետում է: