«Տանը կա 10 անչափահաս երեխա, 4-ն առաջին դասարան են գնալու». Գոռավանից Աննայի ընտանիքն աջակցության կարիք ունի

168.am-ին է դիմել Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Աննա Տալոյանը՝ խնդրելով աջակցել իր բազմանդամ ընտանիքին:

«Ապրում ենք երեք ընտանիք միասին՝ իմ ընտանիքը, քրոջս ընտանիքը (քույրս ամուսնալուծված է, ունի երկու երեխա) և եղբորս ընտանիքն ու մայրս: Տանը կա 10 անչափահաս երեխա, 4-ն առաջին դասարան են գնալու: Երեխաներից մեկը նոր է վիրահատվել, մյուսն էլ էպիլեպսիայով է տառապում: Ապրում ենք կիսավեր, անմարդկային պայմաններում»,- ասաց Աննան մեզ հետ զրույցում:

Մեր զրուցակիցը նշեց, որ այս վիճակից ելք գտնելու համար եղբայրը և ամուսինը մեկնել են արտերկիր, սակայն կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կանգնել է, և նրանք փորձում են ինչ-որ կերպ հետ գալ.

«Այս պահին գնացել են դաչեքի վրա գործ են անում՝ գոնե ճանապարհածախսը դզեն, որ կարողանան գալ, էնտեղ ոչ տեղ ունեն մնալու, ոչ էլ… չգիտեմ` մի հատ ահավոր վիճակ է: Այս պահին տանը 14 հոգով ենք, տան վարձը 6 ամիս չենք կարողացել վճարել, և կուտակվել է 90.000 դրամ: Ունենք սննդի կարիք»:

Հարցին, թե՝ պատկան մարմինները տեղյա՞կ են խնդրից, նպաստից օգտվո՞ւմ եք, նա պատասխանեց. «6 երեխայի համար նպաստ ստանում է միայն հարսս. մեկ տան մեջ մեկ ընտանիքի է հասնում:  Ամեն ամիս 62 հազար դրամ է հասնում 6 երեխայի համար, որից 15 հազար տան վարձ ենք տալիս, ուղղակի ձմեռվա ամիսներին տան վարձը չենք կարողացել վճարել, հավաքվել է:

Դեկտեմբեր ամսին դիմել ենք մարզպետարանին, միանվագ օգնություն ենք ստացել 100.000 դրամ՝ կարողացել ենք փայտ գնել: Մեկ անգամ էլ գյուղապետարանն է 20 հազարով օգնել ու մեր եկեղեցին՝ մեկ տուփ սննդով:

Զարուհի Բաթոյանին մի անգամ գրեցի ֆեյսբուքյան էջով, ասում է՝ պետք է ձեր սոցիալական գնահատականը գնաք-վերցնեք: Մենք դիմեցինք սոցապ բաժին, ասեցին, որ օգնության հարց լինի, մենք կգանք-կօգնենք: Մարզպետարանն ասեց՝ եթե տուն կճարեք, որտեղ պայմաններ  կլինեն, ամեն ամիս տան վարձը կտանք, բայց ոչ մեկը մեզ տուն չի տալիս 10 երեխով»:

Հարցին՝ ինչո՞ւ այս տան վարձը չեն վճարում, Աննան պատասխան չուներ. «Չգիտեմ: Այս ընթացքում էլ դիմեցինք՝ ոչ մի բան, ասեցինք՝ գոնե մի հողակտոր լինի, մշակենք»:

Աննան, քույրը և հարսը նաև դաշտում են աշխատում, եթե լինում է աշխատանք. «Սեզոնային աշխատանք է»:

Նշում է, որ, թեև փոքր օգնություններ լինում են, սակայն չափազանց դժվար է գոյատևելը. «Հավատացեք, 14 հոգի ամեն օր կերակրելը շատ դժվար է, ահավոր վիճակ է: Հիվանդ երեխաներ կան տանը. ամեն օր՝ դեղեր, հիվանդանոցի դռներ, Երևաններ, ծախսի հետ է կապված, ամեն օր նորմալ սնունդ է պետք, չենք հասցնում»:

Աննա Տալոյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ 220120966241000  

կամ՝ 517308707 idram

 

Տեսանյութեր

Լրահոս