Շարունակելո՞ւ է նոր փոխքաղաքապետը նախկին պրակտիկան՝ «շինթույլտվություն՝ գույքի դիմաց»

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր նոր փոխքաղաքապետի նշանակման հարցը: Առաջարկվել է Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը: Ավագանու անդամները մինչև քվեարկությունը հարցեր են ուղղել Ներսեսյանին: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիքի է փոխքաղաքապետի թեկնածուն, որ Ֆինանսական վարչության պետը չունի փոխարինող, ինչին ի պատասխան՝ Ներսեսյանն ասաց, որ հիմա փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում, բայց անհրաժեշտության դեպքում կգնան փոփոխությունների: Խաժակյանի հաջորդ հարցը հնարավոր գործարքների մասին էր:

«Հայտնի է, որ պարոն Հայկ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում կատարել է մի շարք գործարքներ, որոնք հանրության մեջ հայտնի են՝ որպես «շինթույլտվություն՝ կամազների դիմաց»: Հայտնի է, չի էլ հերքվել, որ այդ քննարկումները, ինչպիսի ձևակերպումներ էլ որ տրվեն, իրականացրել է հենց ինքն ի պաշտոնե: Արդյոք, եթե նման խնդիր առաջադրվի քաղաքապետի կողմից՝ քննարկելու՝ տալ կամ չտալ որևէ շինթույլտվություն, դրա դիմաց ստանալ որևէ գույք, կհամաձայնե՞ք այդ գործառույթն իրականացնել, թե՞ ոչ»,- հարցրեց Խաժակյանը:

Սերգեյ Ներսեսյանը պատասխանեց, որ ինքն իր պրակտիկայի ընթացքում միշտ աշխատել է խնդիրները թիմային տարբերակով լուծել՝ անկախ նրանից՝ դա իր ղեկավար ֆինանսական բլոկին վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ:

«Պարոն Խաժակյան, ցանկացած հանձնարարական իմ վերադասի կողմից, որը չի խախտում մեր օրենսդրական պահանջները, օրենքի տառին համապատասխան է, միանշանակ արվելու է: Սովոր եմ, որ, եթե ունենք խնդիրներ, այդ խնդիրը, կապ չունի՝ վերաբերո՞ւմ է ֆինանսական բլոկին, թե՞ ոչ , պետք է խնդիրները լուծենք միասին»,- ասաց Ներսեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս