Փաշինյանի էժան պոպուլիզմը

Այն, ինչ վերջին շրջանում կիրառվում է իշխող ռեժիմի կողմից, մասնավորապես, թե ինչ մանիպուլյատիվ քայլեր է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։

Փաշինյանն այլևս փայլուն հասկանում է, որ իր կառավարումն ամբողջովին ու անդառնալիորեն տապալված է, և  չկա մի տարրական ոլորտ ու բնագավառ, որտեղ իր կառավարությունը հաջողություն է գրանցել և ունի ինչ-ինչ ձեռքբերումներ։ Սա Փաշինյանից լավ ոչ ոք չի գիտակցում, իսկ   ամենացավալին այն է, որ նա գիտակցում է և դրանից հետո  շարունակում է ինքնահոսի թողնել պետական կառավարումը․ հենց դրանով են պայմանավորված առաջիկա անկման բարձր ցուցանիշները, ինչի մասին շուրջ 4-5 ամիս  բարձրաձայնում ու ահազանգում են ՀՀ լավագույն տնտեսագետներն ու ֆինանսիստները։ Դե, իսկ Նիկոլի համար դրանք «լափամանից» ու «կերակրատաշտից» օգտվողների կողմից «հերթական վայնասունն են», որոնք ամեն կերպ գուժում են ՀՀ հետընթաց, և նա նման կերպ է հնչող կանխատեսումները մատուցում հանրությանը, որ՝ «այ, տեսեք, մենք մերժել ենք նրանց երկու տարի առաջ, բայց նրանք ռևանշիստ են և փորձում են տապալել ՀՀ զարգացումն ու առաջընթացը»։

Հետաքրքիրն այն է, որ այս «իշխանական կուտը» տևական ժամանակ շատ փայլուն աշխատում է, և հասարակ Պողոսը չի փորձում խորամուխ լինել և մի փոքր վերլուծել, թե այդքան վատ ու ատելի «նախկիններն» ինչո՞ւ պետք է ուրախանան կամ հպարտանան ՀՀ հետընթացով, ավելին՝ այդ ի՞նչ նախաձեռնություն կամ ծրագիր հաջողությամբ իրականացրեց Փաշինյանը, որ նրանք խանգարեցին։ Ժողովրդի շրջանում այդ ցինիկ դրսևորումները, որն առ այսօր փայլուն իրականացնում են ոչ  միայն Փաշինյանը, այլ նաև իր իշխանական թիմի ներկայացուցիչները, դասական դեմագոգիա է, որը չունի ոչ բովանդակություն, ոչ փաստական հիմք. ուղղակի օդում արված ամբոխահաճո բառակույտեր են։

Մյուս կարևոր դրվագը, որը նույնպես էժան պոպուլիզմի առանցքային բաղադրիչներից է, դա հանրային դաշտում տոտալ ատելության ապահովումն է և տարբեր առիթներով դրա մասին շեշտելը՝ հանրությանն այդ թեմայի մեջ մշտապես պահելու համար, այլապես իշխանության նկատմամբ վստահության չափաբաժնի անկում կնկատվի։ «Թալանեցին», «ժողովրդի արյունը ծծեցին», «կեղեքեցին», «ախպեր, նրանցից որ պրծանք, ամեն ինչի կդիմանանք» և այլ նաիվ թեզերը հատուկ տեխնոլոգիապես մշակված արտահայտություններ են, քանի որ ոչ ոք խորքային չի մտածում, թե այդ ո՞վ և կոնկրետ ի՞նչ է թալանել շարքային քաղաքացուց, հատկապես նա ինչո՞ւ է շեշտում «թալանչի» տերմինը, բայց դա նախապես մշակված ու ներդրված հատուկ պլանն է, որը մարդկանց ենթագիտակցության մեջ ատելության նոր ալիքի հաստատման ու փաշինյանական ռեժիմին ևս մի քանի ամսով քաղաքական կյանք ապահովող միակ բալասանն է, այլ հիմք այս իշխանությունն ուղղակի չունի։

Այս ամենին գումարվում են իշխանության հետ ակնհայտ «տակից» համագործակցողների  հնչեցվող այն մտքերը, թե «այս իշխանության թավիշը չափազանց շատ է», «Փաշինյանը դավաճանում է հեղափոխությանը» և նմանօրինակ տարբեր՝ հանրությանը գրգռող և էլ ավելի մոտիվացնող ձևակերպումներ։

Իսկ ընդհանուր պատկերն ամբողջացնելու համար հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ապրել ֆեյսբուքյան իրականությունում,  իրերին ու դեպքերին նայել ֆեսբուքյան  օգտատիրոջ  պատուհանից։ Նրա համար իր տեսաուղերձների ու տեսանյութերի «կիսումներն» ու «հավանումներն» են, երբ նա տասնհինգամյա պատանու նման ուրախանում է իր պրոֆիլում գրված մի քանի հարյուրի հասնող մեկնաբանություններով և դրանով իրեն համարում «ուժեղ տղա» ու «կրեատիվ կառավարիչ»։ Իրականությունն ավելի դաժան է: Նիկոլ, ասեմ ավելին՝ այն բավականին դառն է, միաժամանակ՝ ռեալ։

Փաշինյանն ուժեղ դեմք չէ։ Եվ ինչքան էլ լրատվամիջոցները պարբերաբար մատուցեն «վարչապետը զայրացավ», «վարչապետը շան լափ թափեց», «Փաշինյանը ափերից դուրս եկավ» և այս կարգի  ֆեյք արտահայտություններ, իր ողջ պետական լրջմտությունը ֆեյսբուքյան տեսաուղերձներում ու պետության առաջին դեմքին ոչ պատշաճ վարքագծում վատնած քաղաքական գործիչը չի «ձգում»՝ դառնալու պետական գործիչ, առավել ևս՝ ռեժիմի դեմք։

Փաշինյանը, «մեծ մանիպուլյատորի» իրեն հատուկ տաղանդի շնորհիվ, դեռևս կարողանում է կառավարության նիստերի ժամանակ ցինիկ կատակներ անելով, այս կամ այն երևույթի վրա ժամերով անհեթեթ մեկնաբանություններով, ձի քշելով, սար ու ձոր բարձրանալով՝ սղղցնել ևս որոշակի ժամանակ և հերթական մոլորյալների խմբաքանակ, սակայն նա պարզ տեսնում ու փայլուն գիտակցում է, որ այս տրագիֆարսի ավարտին մնացել է ընդամենը մի քանի ամիս։

Ամփոփելով՝ արձանագրենք մի կարևոր փաստ․ ժողովրդական և ժողովրդավարական ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանն այս երկուսուկես տարվա ընթացքում ապացուցեց, որ ինքը կիլոմետրերով ոչ միայն հեռու է ժողովրդավարությունից, այլև դեմոկրատիայի հետ ոչ մի աղերս չունի։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս