Բաժիններ՝

Ստարտափների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար. Գևորգ Պողոսյան

Ստարտափների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրանք արագ աճող այն ընկերություններն են, որոնք տեղական պրոդուկտներ և ծառայություններ են արտադրում՝ դրանք վաճառելով ամբողջ աշխարհով մեկ։ Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց Global AM կազմակերպության և TCF ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում գործում են մեծ թվով ստարտափներ, և 2016-ից գործող Global AM-ն աջակցում է հայկական ստարտափների միջավայրի՝ էկոհամակարգի բացերը լրացնելու գործում։ «Ստարտափների էկոհամակարգը տաբեր միավորների, կազմակերպությունների համախումբն է և ներդաշնակ համագործակցությունը, որը ներառում է կրթական ծրագրերը, ինկուբատորները, աքսելերատորները, ներդրումային ընկերությունները, վենչուրային կապիտալիստներին, բիզնես հրեշտակներին, կառավարությունը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, համալսարանները, գիտահետազոտական կենտրոնները։ Մենք դիտարկում ենք, թե էկոհամակարգում ինչ բացեր կան, դրանք լրացնելու համար ինչ նախաձեռնություններ են անհրաժեշտ ու սկսում ենք այդ նախաձեռնությունները։ Դրանցից է մեր հիմնած բիզնես հրեշտակների ցանցը»,- նշեց Գևորգ Պողոսյանը՝ պարզաբանելով, որ բիզնես հրեշտակները ֆիզիկական անձինք են, որոնք ստարտափների գաղափարների իրականացմանն աջակցում են փող, գիտելիք, փորձ ներդնելով, գործարար կապերը ծառայեցնելով։

Գործարարի խոսքով՝ հավանականությունը, որ բիզնես հրեշտակը ստարտափի գաղափարը կյուրացնի ու առանց ստարտափի կիրականացնի, շատ փոքր է, որովհետև բիզնես հրեշտակներն իրենց բիզնեսներն ունեն և նրանց հետաքրքրում է իրենց ընտրած ստարտափի հաջող զարգացումը։

Անդրադառնալով 2016-ին հիմնադրված և այժմ աշխարհի քրաուդֆանդինգային-մարքեթինգային ընկերությունների առաջատար եռյակի մեջ մտնող TCF-ի (The Crowdfunding Formula) գործունեությանը, Գևորգ Պողոսյանն ընդգծեց, որ ընկերությունը բանաձև է մշակել, որն օգնում է ցանկացած ֆիզիկական պրոդուկտի գաղափարի համար քրաուդֆանդինգի (գումարի հայթայթում) միջոցով առավելագույն գումարներ հայթայթել, դիմող ընկերություններին միջազգային դարձնել։ «Դա պետք է լինի սպառողների համար նախատեսված պրոդուկտ, որը հեշտացնում է սպառողի կյանքը: Քրաուդֆանդինգով գումարներ տրամադրող մարդիկ ցանկանում են, որ այդ պրոդուկտը նորարական լինի ու տարբերվի մնացած նման խնդիրներ լուծող պրոդուկտներից։ Երբ իրենք ստանում են այդ ֆիզիկական պրոդուկտը, նաև իրենց շրջապատում պատմում են, որ այդ պրոդուկտը իրականություն է դարձել նաև իրենց շնորհիվ»,- նշեց նա։

Միջոցների հայթայթման առումով TCF-ի աջակցությունն առաջինը ստացել է ինովացիոն դրամապանակ մշակած «Վոլտերմեն» հայկական ստարտափը, որի համար, Գևորգ Պողոսյանի խոսքով, ընկերությունը շուրջ 3 մլն դոլար է հավաքագրել, և «Վոլտերմեն»-ն սկսել է հաջորդ պրոդուկտի նախագծումը։ Նա նկատեց, որ TCF-ի աջակցությունն ստացել են ընդամենը 2-3 հայկական ստարտափներ՝ հավելելով, որ Հայաստանում գործող ստարտափներն սկսել են հետաքրքիր առաջարկներ ներկայացնել, որոնցից են խելացի ուսապարկի և կոշիկի միջատակի (стелька) արտադրության ծրագրերը. միջատակը կոշիկը հագնողի քաշն է չափում՝ նրան հեռախոսի միջոցով ճաշացանկի (դիետայի) և շարժողական ակտիվության մասին խորհուրդներ տալով։

Անդրադառնալով ստարտափների պրոդուկտների համար Հայաստանում էլեկտրոնային բաղադրիչների արտադրության հնարավորությունների մասին հարցին՝ Գևորգ Պողոսյանն ընդգծեց, թե չէր ցանկանա, որ Հայաստանը դառնա նման բաղադրիչներ արտադրող տերություն։ «Փոքր արտադրություններ արժե ունենալ 1000-2000 հատ նախատիպ, առաջին տարբերակներ շուկա հանելու համար։ Եվ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հիմա դրա վրա աշխատում է. ունենք «Ինժեներական քաղաք», ծրագրում են ստեղծել նաև «Արտադրական քաղաք»»,- տեղեկացրեց գործարարը։

Ինչ վերաբերում է Global AM-ում և TCF-ում կիբեռանվտանգության խնդիրների լուծմանը,  Գևորգ Պողոսյանի խոսքով, TCF-ում ձևավորվել է ինժեներական թիմ, որը լուծում է կիբեռսպառնալիքներից պաշտպանության հարցերը։ «Կիբեռանվտանգության ոլորտում մեր ամենամեծ հարցը տվյալների պաշտպանությունն է։ Մեր բոլոր նախագծերը մեծ ծավալի տեղեկատվություն են կուտակում, հաճախորդների մասին տվյալների շտեմարաններ են ձևավորվում։ Ցանկացած տեխնոլոգիական կազմակերպություն մի առանձին ստորաբաժանում է պահում, որը համագործակցում է «Կասպերսկի»-ի նման կազմակերպությունների հետ, ինչպես նաև այդ ստորաբաժանումը ծրագրային ապահովում է մշակում և անվտանգության համակարգեր ներդնում»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ երբ նախկինում 10-12 տարի կառավարել է «Իդրամ» վճարային համակարգը, որը ցանցահենների հիմնական թիրախներից էր, ինչպես նաև հետագայում համակարգից ոչ մի տվյալ չի արտահոսել։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս