Բաժիններ՝

Հպարտությունն, ինչպես ստորջրյա ժայռ

Մեր առօրյա կյանքում հաճախ թվում է՝ ապրում ենք բարեպաշտ կյանքով, սակայն մի պահ տեսնելով մեր իսկ հաջողությունները՝ սկսում ենք գլուխ գովել։ Առաջին հայացքից պարզ և անմեղ մի երևույթ, որը միջավայրին ոչ մի կերպ չի վնասում։

– Արդյոք վա՞տ է,- հարցնում ենք ինքներս մեզ,- որ ցանկանում եմ մյուսներին հայտնել, ներկայացնել իմ հաջողությունները։

Բնականաբար, ոչ մի մեղավոր երևույթ չես գտնի պարզ պատումների մեջ, չէ՞ որ մարդկային շփումը հենց այդ կերպով էլ կայանում է։ Սակայն գլուխ գովելն ինքնին նշան է հպարտության, որ յոթ մահացու մեղքերի շարքում է։ Ավետարանը մեզ ուսուցանում է․ «Նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղուկ. 14:11)։

Հպարտ մարդն է, ով ցանկանում է ի լուր աշխարհի հայտնել իր կատարածը՝ եղածն ուռճացնելով։ Հպարտ մարդն է, որ ցանկանում է մարդահաճո լինել՝ գնալով մինչև իսկ դրան ուղղված զանազան քայլերի։

Հպարտության մեջ գտնվող մարդը չի տեսնում Աստծուն, չի տեսնում անգամ իր մերձավորներին, այլ տեսնում է միայն ինքն իրեն։ Նրա կարծիքով ինքն է լավագույնը, ինքն է մշտապես ճիշտ և ինքն է, որ կարող է քննադատել ամենքին՝ հպարտանալով և պարծենալով իր կատարած-չկատարածի համար։

Հովհան Ոսկեբերանն այս կերպ է բնորոշել հպարտության մահացու մեղքը․ «Հպարտությունը ստորջրյա ժայռի է նման,որին բախվելով կործանվել են նույնիսկ նրանք, որոնք երկար ժամանակ դիմակայել են զանազան մոլությունների ու փորձությունների»։ Իսկապես, այս արատը թաքնվում է մարդու հոգու անկյուններում։ Մարդ չի էլ կարծում, թե մեղք է գործում, մինչդեռ իրականում կործանում է ինքն իրեն։

Ի՞նչ անել ուրեմն, ո՞րն է հակաթույնն այս չարիքի։

Անշուշտ, խոնարհությունը և Փրկչի կատարյալ օրինակը մեր առաջ ունենալը։ Քրիստոս ինքը կատարյալ էր, մինչդեռ լինելով այդպիսին՝ երբեք չհպարտացավ դրանով, այլ ընդհակառակը՝ խոնարհեցրեց իր անձը մարդկության համար՝ գնալով միչև իսկ խաչելության։ Ուրեմն՝ եթե Աստված է անգամ նման կերպ վարվում, ի՞նչ ունենք մենք՝ մեղսավորներս հպարտանալու։ Ինքներս մեզ հարց տանք՝ ո՞րն է հպարտանալու մեր առիթը, ինչո՞ւ ենք ցանկանում մյուսներին անպայմանորեն հպարտությամբ հայտնել մեր կատարածը։ Պատասխանն ինչ էլ որ լինի, լինելու է սիրո բացակայությամբ։

Եվ ուստի՝ եկեք հպարտությունից բուժվենք համեստությամբ և խոնարհությամբ։ Զղջանք, աղոթենք, որ հեռու մնանք այդ ախտից ևս, չէ՞ որ հոգիներում պետք է միայն բարին սերմանել։

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս