ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջապահության նախարարությանը
ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը ցանկանում է դատական կարգով վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս նշված կենտրոնն ու Առողջապահության նախարարության նախարարությունը։ Գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Սամվել Գրիգորյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումարը։
Առաջին դատական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։
Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարին 26-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի հրամանով` լուծարվել է ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Այս մասին հաղորդել էր Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը։ Նշենք, որ աշխատանքի ազատման պահին տնօրեն Սամվել Գրիգորյանը գտնվում էր արձակուրդի մեջ:
Ավելի վաղ Կառավարությունը որոշել էր միավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը։ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ 60 աշխատակիցներ ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեցին, բողոքի ակցիաներ եղան, սակայն կենտրոնը, այնուամենայնիվ, միացվեց ինֆեկցիոն հիվանդանոցին։
Առողջապահության փոխնախարարը կենտրոնի աշխատակազմին շտապել էր ներկայացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։
Նախարարի նոր նշանակումն առաջացրել էր բուժանձնակազմի դժգոհությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պնդել էին, որ այդ ամենը կատարվել էր առանց անձնակազմի հետ քննարկելու և անտեսվել էին նրանց մասնագիտական կարծիքները։
«Ըստ օրենքի՝ անաշխատունակության թերթիկ ունեցող մարդուն իրավունք չունեն աշխատանքից ազատել: Ամեն ինչ պետք է կատարվի օրենքի տառին համաձայն։ Հայտնել ենք մեր մտահոգությունները և՛ տնօրենի պաշտոնից ազատման հետ կապված, և՛ ՁԻԱՀ կենտրոնը Նորք ինֆեկցիոնին միացնելու հետ կապված։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ սկսվել է այդ գործընթացը, և մենք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, որ մասնագիտական քննարկման կարիք կա, կան խնդիրներ, որոնք կարող են անդառնալի հետևանքների բերել»,- այդ օրերին ասել էր ՁԻԱՀ կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արենիայի»