Ոստիկանությունն՝ ամռանն իրականացրած ծառայության մասին
Համավարակն այս ամառ բոլորիս «ստիպեց» հանգիստը կազմակերպել Հայաստանում։ Շատերս ճամփորդեցինք մեր հայրենիքում, այցելեցինք մեր հրաշք երկրի գեղատեսիլ անկյուններ, հայտնաբերեցինք տեսարժան նոր վայրեր և հասկացանք, որ հանգիստը լիարժեք կարելի է կազմակերպել ոչ միայն արտերկրում։
Ներքին տուրիզմի մասնակից մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար ոստիկանությունը ողջ ամառվա ընթացքում իրականացրեց հատուկ ծառայություն։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները մարզերում ու քաղաքներում, հանգստյան գոտիներում ու տեսարժան վայրերում ապահովեցին մեր քաղաքացիների անվտանգ հանգիստը։ Ոստիկանները նաև հետևում էին, որ հովեկներն ու զբոսաշրջիկները պահպանեն հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Խիստ ռեժիմն ու վարչարարությունը ամառվա ընթացքում տվեց ցանկալի արդյունք։ Եթե ամառվա սկզբին մեկ օրում վարակվածների թիվը հասնում էր մինչև յոթ հարյուրի, ապա ամառվա վերջին մի քանի անգամ պակաս էր։
Ոչ լուրջ հետևանքներով միջադեպերը չհաշված՝ ոստիկանների ծառայության շնորհիվ մեր քաղաքացիները, ընդհանուր առմամբ, ունեցել են ապահով ու անվտանգ հանգիստ Հայաստանի բոլոր մարզերում։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարզերում որոշ հանցատեսակներ նախորդ տարվա ամռան 3 ամիսների համեմատ 2020-ի նույն ժամանակահատվածում նվազել են. օրինակ՝ սպանությունները, մահվան ելքով մարմնական վնասվածքները, բնակարանային գողությունները և այլն։
Ամռան ամիսներին մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացրել նաև ճանապարհային ոստիկանությունը։ Եթե 2019-ի ամռան երեք ամիսներին մարզերում արձանագրվել էր 245 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել էր 29 քաղաքացի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 206 պատահար, զոհվել է 16 քաղաքացի։
Դրական դինամիկան կարելի է բացատրել վարչարարության խստացմամբ. այս տարվա հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ճանապարհային ոստիկանները մարզերում կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 72.340 արձանագրություն, որոնցից 1202-ը՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար։ Նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ մարզերում կազմված արձանագրություններն ավելացել են 14.479-ով, իսկ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար՝ 323-ով։
Անկախ տարվա եղանակից կամ իրավիճակից՝ ոստիկանությունը շարունակում է լիարժեք իրականացնել իր գործառույթները։ Առողջությո՛ւն բոլորիս։