«Կարանտինի ավարտից հետո հասարակության 95 տոկոսը կլինի փողոցում, ուստի Փաշինյանն այսպես երկարաձգում է իր իշխանությունը». Հովհաննես Հակոբյան

Հայաստանում սեպտեմբերի 5-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու՝ 190, մահվան՝ 5 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 44 461-ի։

Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ, Հովհաննես Հակոբյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում համավարակի նման ցուցանիշները համարեց կառավարության կողմից տարվող պայքարի տապալման ուղիղ ցուցիչ։

«Փաշինյանի կառավարության վարած այս քաղաքականությունն ավերիչ ու պառակտող է, իսկ համավարակի դեմ պայքարը տանուլ են տվել և՛ Փաշինյանը, և՛ թավշյա իշխանությունները։ Դրա ապացույցն է նաև երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված այն օրենքը, որով երկրում մինչև վեց ամսով կհայտարարվի կարանտին, թեև մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հասել է այն մակարդակի, որ ես կասկածում եմ, որ քաղաքացիները կկարողանան դիմակայել»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը միայն իր կողմ ձայներով է ընդունում այնպիսի նախագիծ, որը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի:

Ըստ Հակոբյանի՝ քաղաքական մեծամասնությունն անտեսում է ընդդիմադիր խմբակցությունների բերած փաստարկներն այն նախագծի վերաբերյալ, որտեղ կան  Սահմանադրության և Մարդու իավունքների հետ հակասություններ։

«Նման պահվածքի պատճառն այն է, որ իշխանությունը գնում է մենաշնորհի, որը ձևավորել է Փաշինյանը՝ իր քայլողներով, և փորձում է մենաշնորհի միջոցով իր իշխանության հիմքերն ամրացնել և այդ իշխանության ժամկետը երկարաձգել։ Փաշինյանը հասկանում է, որ հասարակության 40 տոկոսը հիմա պահանջում է իր հրաժարականը, և սահմանելով 11 տեսակի տուգանք՝ փորձելու է կասեցնել սպասվող հանրահավաքները, բողոքի ակցիաները։ Վստահ եմ, որ  կարանտինի 6-րդ ամսում  հասարակության 95 տոկոսը՝ բացի քայլողներից, լինելու է փողոցում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հասարակության 95 տոկոսը փողոց է դուրս գալու ոչ միայն իշխանության վարած ներքաղաքական տապալումների, այլև արտաքին աշխարհի հետ հարաբերություններում թույլ տված խայտառակությունների համար։

«Օրինակ, Իրանի  հետ Իսրայելի դեսպանատան բացումից առաջ նախ պետք էր հանդիպումներ ունենալ և բացատրել մեր օրակարգը, որ դեսպանատան բացումը խնդիրներ չառաջացներ, սակայն դա  չարվեց։ Կամ՝ ի՞նչ ունենք Ռուսաստանի հետ. թեև Փաշինյանը հայտարարում է, թե մենք ունենք փայլուն հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն  Ռուսաստանի դեսպանը հայտարարում է, թե ԱՀԿ կամակատարը  քողարկել է Ռուսաստանից Հայաստանին տրված օգնությունները և եկած օգնությունը կիսով չափ է ներկայացրել։ Կամ՝ ռուսական հեռուստաընկերությունների  համար նախատեսված սահմանափակումները մի՞թե չեն անդրադառնալու հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Կամ ի՞նչ ունենք Վրաստանի հետ, երբ ԱՀԿ կամակատարը հայտարարում է, թե Վրաստանը կորոնավիրուսի թվերը քողարկում  է, մենք ի՞նչ ենք ունենում արդյունքում»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ հանրային ընդվզման հանգեցնելու է նաև ազգային արժեքների դեմ  այս իշխանության իրականացվող քաղաքականությունը։

««Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դպրոց են մտցնում  սեռական դաստիարակության վերաբերյալ առարկա և երեխաներին փորձելու են հասկացնել, թե ինչ է, օրինակ, սեռափոխությունը։ Փաշինյանի իշխանությունը մի ձեռքով հարվածում է ավանդական ընտանիքի մոդելին, մյուս ձեռքով ամուր պահում է սեռափոխվածներին և մանկուրտներին, իսկ նման քաղաքականությունը ես պայմանավորում եմ նրանով, որ այս իշխանության համար ազգայինն օրակարգ չէ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս