Երևանում փլուզված շենքի բնակիչները հյուրանոցից տեղափոխվել են վարձով բնակարաններ
Օգոստոսի 26-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյունի հետևանքով տեղի ունեցած փլուզումից հետո քաղաքային իշխանությունների օժանդակությամբ հյուրանոց տեղափոխված ընտանիքները 5 օր անց տեղափոխվել են վարձով բնակարաններ: 168.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից մեկը:
«Հյուրանոցից առաջին դուրս եկողներից մեկը մենք ենք եղել: Թաղապետարանը յուրաքանչյուր ընտանիքիս 2 ամսվա համար 200.000 դրամ է փոխանցել՝ տան վարձի, բրոքերի համար: Մենք ենք գտել և վարձել տունը, քանի որ իրենք ասացին՝ դուք նայեք, որ խնդիր չլինի: Սկզբում ասացին՝ 3 ամսվա գումար տան, հետո ասացին՝ 2, քանի որ կարող է նույնիսկ ավելի արագ լուծվի այս հարցը, եթե չէ՝ ամեն ամիս: Որքանով տեղյակ եմ՝ բոլոր ընտանիքները Զեյթունում են բնակարան վարձել»,- ասաց մեր զրուցակիցը:
Քաղաքացուց հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր եղե՞լ է իրենց իրերը դուրս բերել կիսաքանդված բնակարանից, քանի որ փլուզումից հետո, երբ քաղաքացիներին տարհանել էին, ամբողջ իրերը՝ կահույք, էլեկտրատեխնիկա, հագուստ և այլն, մնացել էին բնակարանում:
«Մեքենաս էլ է վնասված՝ դիմապակին տրաքած է, ամբողջությամբ խոշոր քերծվածք, եթե կես մետր առաջ լիներ կանգնած, ընդհանրապես պիտանի չէր լինի: Տան ապրանքներից որոշ բաներ թողեցինք, մեր ննջասենյակից ընդհանրապես բան չէինք կարող հանել, որովհետև ամբողջը ճաքել էր, առաջին մահացածի բնակարանին անմիջապես կպած պատն էր: Մի քանի բաներ էլ փրկարարներն ասացին՝ հանենք, բայց մենք արդեն ասացինք՝ չէ, որոշ բաներ մնաց: Հենց սկսեն քանդել, նորմալ կհանեն ինչ որ մեզ պետք է: Արդեն 4 օր կլինի, որ չեմ գնացել, երեկ իմացա, որ շենքի կողքերը փակել են, առանձնացրել են»,- ասաց նա:
Քաղաքացու խոսքով՝ պաշտոնական մակարդակով իրենց բնակարան տրամադրելու մասով ոչինչ չեն լսել, սակայն խոսակցութուններ են լսել, որ կա՛մ պետք է համարժեք բնակարան տրամադրեն, կա՛մ էլ ֆինանսական փոխհատուցում, բայց թե որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում, պարզ չէ:
168.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է քաղաքացիների մշտական կեցության հարցը, արդյո՞ք բոլոր ընտանիքներն են այս պահին տեղափոխվել վարձով բնակարաններ, սակայն նա պատասխանեց, որ երկուշաբթի օրը կպատասխանի այդ հարցին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին գազի արտահոսքից Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքը մասնակի փլուզվել էր: Փրկարարները շենքի բնակիչներին տարհանել էին, իսկ 3 քաղաքացիների փլատակների տակից էին դուրս բերել, որոնցից մեկն արդեն մահացած էր: Հիվանդանոց տեղափոխված մյուս 2 քաղաքացիներից մեկն էլ՝ 41-ամյա տղամարդը, 3 օր անց հիվանդանոցում էր մահացել:
Պայթյունի օրը դեպքի վայրում եղել էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը նաև ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ տուժած քաղաքացիները կստանան անհրաժեշտ օգնություն:
«Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը»,- գրել էր Մարությանը։
Պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը դեպքի հաջորդ օրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ տեղափոխվել են Երևանում գտնվող բարձրակարգ հյուրանոց և սպասում են հարցի վերջնական լուծմանը: