Բաժիններ՝

Կորոնավիրուսի հետ կապված զանգերը կտրուկ նվազել է. գնդապետ

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը այս տարվա փետրվարից սկսած ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներում։ Այս ընթացքում վարչության աշխատակիցները իրականացրել են կոնտակտավոր քաղաքացիների տեղափոխում մեկուսարաններ, տրամադրել են բժշկական խորհրդատվություն, ինչպես նաև մասնակցել են տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Կարեն Աթոյանը։

Ըստ Աթոյանի՝ վարչությունը մշակել և արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանն է ներկայացրել մի շարք հրամաններ` փրկարարների անվտանգությունը կորոնավիրուսից ապահովելու համար:

«Այս պահին դրությամբ՝ ԱԻՆ աշխատակիցների շրջանում ունենք 5 հիվանդ, 19 ինքնամեկուսացված անձ։ Ընդհանուր ունեցել ենք 96 հիվանդ, 407 ինքնամեկուսացված անձ»,- նշեց գնդապետը։

Աթոյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում «911» ծառայության միջոցով բնակչությանը տրվել է 4882 խորհրդատվություն, որից 2245 կապված էր կորոնավիրուսի դեպքերի հետ: Բացի այդ, ըստ գնդապետի, վարչության բժիշկները և բուժաշխատողները երկու ամիս հերթապահություն են իրականացրել Առողջապահության նախարարարության թեժ գծում։

Աթոյանի խոսքով՝ սկզբնական շրջանում ազգաբնակչությունը հիմնականում տեղեկացված չէր կորոնավիրուսի մասին, որի հետևանքով կար անհագստություն և տագնապ։

«Երբ կորոնավիրուսի դեպքերի թվերը ավելանում էր, բնակչության մոտ անհանգստությունը ավելի էր մեծանում, թվերի նվազման հետ զուգահեռ լարվածությունը թուլացավ։ Բացի այդ, ազգաբնակչությունը հասկացել է, որ երկար պետք է ապրեն կորովիրուսի հետ և միակ ճանապարհը հակահամաճարակային կանոնները պահելն է, այն է՝ սոցիալական հեռավորություն պահպանելը, դիմակ կրելը և ձեռքերը ախտահանելը։ Հիմա իրավիճակը հանգիստ է, զանգերի թիվը կտրուկ նվազել է»,- եզրափակեց գնդապետ Կարեն Աթոյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս