Բաժիններ՝

«Նման ռեժիմ հայտարարելու դեպքում պարզ չէ, հարևան երկրները կվերաբացե՞ն արդյոք ՀՀ հետ օդային հաղորդակցությունը, և խոսքը բնավ էլ ակտիվ տուրիզմի մասին չէ». Շաքե Իսայան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿԱՐԱՆՏԻՆ (իմա՝ արտակարգ դրություն)

Հարգելի՛ քաղաքացիներ,

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Եթե առավել պարզ և հստակ, ապա արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո Կառավարության նախաձեռնությամբ կհայտարարվի Կարանտին, որը կարող է սահմանվել մինչև 6 ամիս ժամկետով, և, նպատակահարմարության դեպքում, նաև երկարաձգվել:

Արտակարգ դրության ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք, որ այն անընդմեջ երկարաձգելը խնդրահարույց է օրենքի տեսանկյունից, և հարկավոր էր ժամանակին համապատասխան օրենքում փոփոխություն կատարել: Բայց այսքան ամիս անց արտակարգ դրությունը մեկ այլ կարգավորմամբ փոխարինելը գոնե պետք է լինի իրավականորեն այնքան հստակ, որ նոր խնդիրներ չհարուցի:

Առաջարկվող փոփոխությամբ կկիրառվեն ավելի խիստ միջոցառումներ՝ թեկուզ նույն տուգանքների մասով, 11 տուգանքի տեսակ՝10 հազարից -500 հազար դրամի սահմաններում:

Հաջորդը, շատ երկրներ Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը փակ էին պահում ՀՀ-ում անվերջ ձգվող արտակարգ դրության պատճառով։ Հիմա ՀՀ ամբողջ տարածքում կարանտին հայտարարելով ի՞նչ մեսիջ ենք տալիս միջազգային հանրությանը:

Ի դեպ, կարանտին փաստացի հայտարարվում է այն պայմաններում, երբ վերաբացվում են ուսումնական հաստատությունները, ունենք հիվանդանոցներ, որոնք դուրս են գրել քովիդով վարակված վերջին պացիենտներին և այլն:

Այսինքն պետական-հասարակական կյանքի բոլոր ճյուղերը հաջողությամբ գործառնելու են նախաքովիդյան ժամանակաշրջանի նմանությամբ՝ բացառությամբ օդային և ցամաքային հաղորդակցության, որը դրսում աշխատող մեր հայրենակիցներին փաստացի զրկում է ապրուստի միջոցներից, քանզի միջազգային ավիափոխադրողները խուսափում են թռիչքներ կազմակերպել մի երկիր, որտեղ սահմանված է կարանտին:

Նման ռեժիմ հայտարարելու դեպքում պարզ չէ, հարևան երկրները կվերաբացե՞ն արդյոք ՀՀ հետ օդային հաղորդակցությունը, և խոսքը բնավ էլ ակտիվ տուրիզմի մասին չէ:

Հ.Գ. Ի դեպ ԲՀԿ խմբակցությունը առաջարկների փաթեթում ներկայացրել էր նաև դրույթ՝ ըստ որի Կարանտինի հակահամաճարակային կանոնները չխախտելու համար նախևառաջ նախազգուշացում տալ, և հետո նոր միայն տուգանք նշանակել և իհարկե իջեցնել տուգանքի սահմանաչափերը, որը ցավոք սրտի չի ընդունվել:

Հարկ է նշել, որ մեր առաջարկների շնորհիվ միջոցառումների բողոքարկման ժամկետը սահմանվեց մեկ ամիս՝ նախկին 10 օրվա փոխարեն, ինչպես նաև ԱՀԿ-ի հրահանգներին պարտադիր հետևելու հակասահմանադրական նորմը վերացվեց:

Միևնույն ժամանակ հասկանալի էր, որ այս մի քանի դրույթների ընդունումը չփոխեց առաջիկայում մեզ սպասվող իրավակարգավորման ողջ էությունը, ինչի պատճառով ընդդիմությունը դեմ քվեարկեց:

Հ.Գ.1.Ի դեպ «Կարանտին» բառը կամայական պոզիտիվ բառով փոխարինելը ևս որևէ կերպ չի փոխում երևույթի և իրավիճակի էությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս