Նիկոլ Փաշինյան․ դեմոկրատական բռնապետը
Այսպիսով, արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, փոխարենը՝ կհայտարարվի կարանտին, որի հնարավորությունը սահմանվում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների փաթեթով։ Առաջին հայացքից մեղմացման տպավորություն թողնող այս փոփոխությունն իրականում ճիշտ հակառակ բովանդակությունն ունի՝ նախկին ամենամսյա արտակարգ դրության փոխարեն, իշխանությունը նոր փոփոխություններով հնարավորություն է ստանում սահմանել կարանտին, ուշադրություն՝ 6 ամիս ժամկետով և այն կրկին երկարաձգելու հնարավորությամբ։
Ընդ որում, բավական խրթին դրույթներ պարունակող օրենսդրական փոփոխություններով գործնականում կարանտին սահմանելու հնարավորություն է տրվում իշխանական բոլոր սուբյեկտներին՝ սկսած կառավարությունից, վերջացրած տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով։
Այսինքն՝ իրականում այս փոփոխությունները ոչ թե արտակարգ դրության ռեժիմի համեմատական մեղմացումներ են, այլ ճիշտ հակառակը՝ կարանտինի անվան տակ իշխանությանը գործնականում անսահմանափակ, տոտալ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տվող գործիքներ։
Ակնհայտ է, որ այս փոփոխություններն ունեն քաղաքական դրդապատճառներ և առաջիկայում ցանկացած պահի կարող են օգտագործվել, առաջին հերթին՝ քաղաքական մոտիվներով՝ հնարավոր բողոքի ալիքները, ընդդիմության գործողությունները, ժողովրդական բողոքի ակցիաները վերահսկելու, դրանք կանխելու նպատակով։ Սակայն այս փոփոխություններն արտահայտում են ոչ միայն ու գուցե ոչ այնքան ընթացիկ քաղաքական իրավիճակից բխող իրողություններ կամ նպատակադրումներ։
Իրականում տոտալ կարանտինի, կամ, որ նույնն է՝ երկիրն անվերահսկելիորեն վերահսկելու հնարավորություն տվող այս նախաձեռնությունը գործող իշխանության, ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ախտորոշումն է։ Նա կյանքի է կոչում «իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակորեն» հայտնի թեզը։
Փաշինյանը գործնականում ունի անսահմանափակ ու, ամենակարևորը՝ անվերահսկելի իշխանություն, և այս օրինագիծն այդ բացարձակ իշխանությունը ամբողջ հանրապետության վրա տարածելու, այդ տարածումն ամրագրելու սոսկ մի օրինակ է։ Իսկ Փաշինյանի իշխանությունը գործնականում բացարձակ է ու անվերահսկելի, քանի որ նրա իշխանությունը չունի փոխզսպումների ու հակակշիռների որևէ մեխանիզմ․ Ազգային ժողովն այդ գործառույթը չի իրականացնում, խորհրդարանական ընդդիմության առաքելությունը սահմանափակվում է պաթետիկ հռետորաբանությամբ, իսկ խորհրդարանից դուրս գտնվող սուբյեկտները չունեն հակակշռման ֆունկցիոնալ հնարավորություններ։
Հակակշիռները գործնականում բացակայում են նաև Փաշինյանի իշխանության ներսում, նրա իշխանության մեջ չկա որևէ հարցում իրեն հակառակվելու ունակ կամ կարող որևէ սուբյեկտ․ Փաշինյանի իշխանությունը մեկ անձի ու մեկ դեմքի իշխանություն է։ Բավական է հանել Նիկոլ Փաշինյանին իր իսկ իշխանության բուրգի գագաթից, և այն կփլվի ավազե տնակի նման։ Բայց քանի դեռ նա շարունակում է գտնվել գագաթում, իրացնում է իր բացարձակ իշխանությունը՝ բացարձակ այլասերության հասնող իշխանությունը։
Ժողովրդավարությունը կենսունակ համակարգ է միայն այն դեպքում, երբ դրա շրջանակներում ձևավորված իշխանությունն ունի զսպման ու հակակշռման գործունակ կառուցակարգեր։ Հակառակ դեպքում ի բնե ժողովրդավարական իշխանությունը կարճ ժամանակ անց վերածվում է դիկտատուրայի, դեմոկրատական դիկտատուրայի։
Ժողովրդավարական բռնապետ․ սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական բնորոշումը։ Իսկ եթե ավելի ազնիվ՝ ախտորոշումը։
Հարություն Ավետիսյան