«Իմ գործատուն կարող է լինել միայն Սեբաստացի կրթական համայնքը՝ մեծով, պստիկով». Աշոտ Բլեյանը՝ այլևս ՊՈԱԿ-ի տնօրեն չլինելու մասին

Այսօր լրանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի 65-ամյակը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նա պետք է ազատվի կրթահամալիր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: 2 ամիս առաջ կրթահամալիրի անձնակազմը դիմել է Կառավարությանը՝ փոխելու համար դպրոցի իրավական կարգավիճակը՝ ՊՈԱԿ-ից ՀՈԱԿ-ի: Հիմնադրամի պարագայում տնօրենի տարիքային սահմանափակում օրենքը չի նախատեսում: Բլեյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են օրենքի սահմաններում:

«Ամենագեշ երազում անգամ չենք մտածել, որ կարող ա դիմադրություն լինի, էս լինի, էն լինի: Դա պետք է անեինք ոչ մենք, այլ մեր լիազոր պետական մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, ինքը պետք է աներ, դե թող աներ, բայց դրանում էլ բան չենք տեսել, զբաղված են, մեր արածը լրիվ օրինական է: Դրա մեջ ո՛չ հակադրություն կա, ո՛չ ուժի ցուցադրություն կա, այդ ուժը մեր մանկավարժությունն է, այդ ուժը երեխաներին, հասարակությանը փոխանցելն է»,- ասաց Բլեյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը պնդեց, որ իրենց կարգավիճակի մասին փոփոխության որոշումը կայացրել են կրթահամալիրի ղեկավար մարմինները, ինչն օրինական է: Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն պետք է ոչ թե իրեն հիշեցներ, որ եկել է ժամանակը պաշտոնը լքելու, այլ լուծում գտներ ստեղծված իրավիճակի համար:

«Ես 1955 թ.-ին եմ իմացել, որ այս սեպտեմբերի 4-ին դառնում եմ 65 տարեկան, հա, լուրջ, մորիցս առաջին բանը դա եմ իմացել: 2002թ.-ի ՊՈԱԿ-ի մասին օրենքում, որը հրապարակված օրենք է, պարզ է եղել, որ գործադիր մարմնի ղեկավարը, երբ լրանում է իր 65 տարին, օրենքի ուժով դադարում է իր պաշտոնավարումը: Որևէ նամակ չեք տեսնի, որևէ հրապարակում, որ՝ «այ, խնդրում ենք, բան», ո՞նց կարող է բացառություն լինել, եթե դա օրենքով է: Դրա համար խոսքը հիմա հիմնադրամի մասին է»,- ասաց Բլեյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը նշեց, որ այն ժամանակ, երբ հիմադրամը կձևավորվի, կունենա Հոգաբարձուների խորհուրդ, որն էլ տնօրենի մրցույթ կհրավիրի, այդ ժամանակ ինքը կորոշի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ: Բլեյանի խոսքով՝ իրենց կրթահամալիր հաճախողներն ամեն տարի աճում են 300-ով, այժմ մոտ 3200 երեխա է հաճախում: Բլեյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն մանկավարժության իրենց մոդելը տարածելու, այդ է պատճառը, որ որոշել են փոխել իրենց իրավական կարգավիճակը ևս:

«Լիազոր պետական մարմնի գործն ինձ հիշեցնելը չէր, որովհետև դրա մեջ ուրախության բան կա, որ՝ «ախ, վերջապես դու դարձար 65 տարեկան», վատ բան կա: Իր գործը պետք է լիներ նպաստելը, լուծում առաջարկելը, ենթադրենք՝ մեր հարգելի ընկերը, նախարարը այդպես չի մտածում, հետո՞ ինչ, կրթահամալիրը ստեղծել է ոչ այս, ոչ նախկին Կառավարությունը, այն ստեղծվել է 1989թ.-ին: Հիմնադիրն այն ծնողներն են, հասարակությունը, ովքեր այլընտրանք են ուզեցել իրենց երեխաների համար»,- ասաց նա:

Բլեյանը նախարարությանը հիշեցրեց, որ իրեն իրենք չեն նշանակել, հետևաբար՝ իր գործատուն ԿԳՄՍՆ-ն չէ:

«Ես Սեբաստացիներ կրթական համայնքի ստեղծած, պահած, պահպանած, մեծացրած զավակն եմ: Իմ գործատուն կարող է լինել միայն Սեբաստացի կրթական համայնքը՝ մեծով, պստիկով: Հենց փոքր-ինչ կասկած առաջանա, որ ես իրենց մեջ ամենաերիտասարդը չեմ, ամենաեռանդունը չեմ, ամենանվիրվածը չեմ գործին, առաքելությանը, և այդպես «ամենա»-ների շարք, միանգամից կզգացվի, դուք էլ կզգաք: Բայց երբ կրթական համայնքն ասում է, որ այս փուլը պետք է անցնենք միասին, ես դեզերտիր չեմ, ես աշխատանքից փախնող չեմ, որովհետև խոսքն իմ զավակի մասին է, «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրն իմ զավակն է»,- ասաց Բլեյանը:

Տեսանյութեր

Լրահոս