«Աշոտ Հովսեփյանին բոլորը դրական են բնութագրում». «մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում

Առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Գրանցվել է մահվան 14 դեպք:

«Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը: Նա ձերբակալված է։

168.am Աշոտ Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանից հետաքրքրվեց, թե արդեն կա՞ կոնկրետ եզրակացություն, որ թունավորման աղբյուրը հենց օղին է եղել՝ հաշվի առնելով ԱՆ տարածած հաղորդագրությունը, նա արձագանքեց. «Ասում են՝ հավանական, ինձ համար «հավանական» կատեգորիա գոյություն չունի:

Չունենք որևէ եզրակացություն, որտեղ կերևա, որ թունավորումը նախ՝ մեթիլ սպիրտից է, և  դա էլ ուղիղ կապ ունի Աշոտ Հովսեփյանի հետ: Նման տվյալ այս պահին չկա գործում»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իր ցուցմունքում պաշտպանյալը նկարագրել է այն անձին, ումից գնել է սպիրտը, իսկ վերջինը հավաստիացրել է, որ գործարանային արտադրության ցորենի սպիրտ է:

Հարցին՝ արդյո՞ք հարցաքննվել է տվյալ անձը,  Գ. Գևորգյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ անգամ ձերբակալվել է, որովհետև էլի անձինք կան ձերբակալված: Մտածում եմ, որ իրենցից մեկը պետք է լինի այն անձը, ումից Աշոտ Հովսեփյանը գնել է, որովհետև այլ շրջանակ՝ ինձ համար տրամաբանական չէ»:

ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ:

Ի դեպ, Գոռ Գևորգյանը  տեղեկացրեց նաև, որ երեկ երեկոյան է տեսել Աշոտ Հովսեփյանին. «Շատ ճնշված է հոգեպես և նաև ֆիզիկապես, քանի որ մի շարք ծանր հիվանդություններ ունի,  այդ թվում՝ շաքարային դիաբետ.   տարիներ շարունակ տառապում է, 4 տարբեր չափաքանակի ինսուլին է սրսկվում, որ իր օրգանների կենսական գործունեությունն ապահովի: Բժիշկների հսկողության տակ է»:

Մեր նկարահանող խումբը եղել էր Արմավիրում, հարևանները պնդում էին, որ Աշոտ Հովսեփյանը մեղավոր չէ, որ իրենք էլ են նույն օղուց օգտագործել, Դուք խոսե՞լ եք հարևանների հետ, արդյո՞ք վկայի կարգավիճակով նաև նրանց կլսեն՝ հարցրինք փաստաբանին, նա պատասխանեց. «Ասեմ, Աշոտ Հովսեփյանին բոլորը դրական են բնութագրում: Ես էլ եմ լսել, որ հարևանների շրջանում օգտագործողներ են եղել, բացի հարևաններից՝ ինքը ևս փորձարկել է, ու այդ հարցը ինքն էլ է իրեն տալիս՝ «ինքս ևս փորձարկել եմ, բա ինչի՞ հետևանք չառաջացավ»»:

Նկատենք՝ Ա. Հովսեփյանը դեռևս կասկածյալի կարգավիճակում է, և փաստաբանի հավաստմամբ՝ ամեն կերպ աջակցում է իրավապահներին` իր մոտ եղած ամբողջ քանակը հանձնելով իրավապահներին։ Նա նաև պատմել է, որ անվտանգության կանոնները պահպանել է.  օգտագործել է թորած ջուր, լիմոն, շաքար:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ու հորդորել էր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն ու դիմել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Աշոտ Հովսեփյանը ձերբակալված է:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց նաև ՍԱՏՄ-ն՝ մասնավորապես նշելով. «Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»:

Տեսանյութեր

Լրահոս