
Սիրիայում հետ են մղել հրթիռային գրոհը Հոմսի նահանգի օդակայանի վրա

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թշնամու թիրախները Հոմսի նահանգի արեւելքում: Այդ մասին հաղորդել է ՍԱՆԱ պետական գործակալությունը:
«Իխբարիա» հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը հարված է հասցրել Տիֆոր ռազմաբազայի ուղղությամբ:
«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել գրոհը՝ խոցելով թիրախների մեծ մասը: Հասցվել է նյութական վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 2-ին սիրիական ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանի ռազմական օբյեկտներին: ՑԱԽԱԼ-ում հրաժարվել են մեկնաբանություններից:
Իսրայելական կողմը կանոնավոր կերպով գրոհում է Սիրիայի օբյեկտների վրա՝ իր գործողությունները բացատրելով այն բանով, որ ձգտում են թույլ չտալ, որպեսզի ժամանակակից սպառազինությունները հայտնվեն թշնամու ձեռքում:
Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում է Թեհրանի կողմից: Սիրիայի եւ Իսրայելի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ. երկու պետությունների ստեղծման ժամանակներից նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային վեճ ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: