Հերթական վերաբաշխումը 2020թ. բյուջեում. ԿԳՄՍՆ-ին հատկացվեց 232 միլիոն դրամ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ 2019 թվականի Կառավարության ընդունած որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը։
«Այս նախագծով պետությունը վերահաստատում է իր հանձնառությունը սպորտի ոլորտում մեծ դերակատարություն ունենալու և ըստ էության նոր ծրագիր է մեկնարկում։ Ներկայումս ՀՀ-ում օլիմպիական խաղերի մարզաձևերում ընդգրկված և Եվրոպայի առաջնության չեմպիոններին ու մրցանակակիրներին, ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին և բժիշկներին ամսական խրախուսման վճարում չի տրամադրվում։ Ինչը նախկինում արվում էր ոչ պետական աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է, և ծանր կացության մեջ են հայտնվել մեր մարզիչներն ու մարզիկները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Ըստ նրա՝ այդ նախագծով հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս նպաստ տրամադրել գործող մարզիկներին, հավաքականների մարզիչներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է՝ կարևորել սպորտի դերն ու նշանակությունը և դրանով աջակցել մարզաձևերի զարգացմանը։
Նախարարը նաև ընդգծեց, որ 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին պատրաստվում են մասնակցել 6 մարզաձևերի առաջատար մարզիկներ, որոնց հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մարզիչները, բժիշկները։
«Կարող եմ ասել, որ ծրագիրը նախատեսված է մինչև առնվազն 2021 թվականի օգոստոսի 1-ը։ Նախատեսված է, որ բյուջեով կհատկացվի 556 մլն դրամ՝ մեկ տարվա համար։ Այս տարի նախատեսված է 232 մլն դրամ»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։
Կառավարությունը հաստատեց նախարարի ներկայացրած նախագիծը։